Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկահան արաբներն աղքատ հայերից վերցրել են ոսկուն համարժեք խաթուն խարջին (տեսանյութ)

Տնտեսություն
2224f65e27c3350d589caab7e1b19ac8

«Էնոտեկա» գինու սրահը նախաձեռնել է միջոցառումների շարք, որի հիմնական նպատակը գինու մշակույթի տարածումն է և հին ավանդույթների վերականգնումը: Նախաձեռնության շրջանակներում երեկ առաջին անգամ կազմակերպվել էր սպիտակ գինու համտես, որին մասնակցում էին այդ ոլորտում մասնագիտացած ինչպես օտարերկրյա և հայ փորձագետներ, այնպես էլ պարզապես գինու սիրահարներ: «Լինելով գինեգործական մշակույթի հազարամյա կրողն ու այդ միջավայրի ստեղծողը, վերջին տասնամյակներում գնացել էինք դեպի օղի: Սա,իհարկե, ռուսական ազդեցության արդյունք է, բայց հիմա ի ուրախություն մեզ կամաց-կամաց թոթափում ենք այդ լուծը և վերադառնում ենք դեպի գինի: Որքան էլ տարօրինակ լինի, սակայն հայկական մշակույթում ավելի ընկալելի է կարմիր գինին, ինչը պայմանավորված է տարբեր պատճառներով՝ գույն, համ, հոտ և այլն: Մենք 80-90 %-ով սպառում ենք կարմիր գինի, չնայած որ այս տասը հազար պերմանենտ պատմության մեջ հայ գյուղացին մեզ է հասցրել չնաշխարհիկ սպիտակ սորտեր»,-«Ա1+»-ի հետ զրույցում շեշտում է հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Diana- nkar Avag harutyunyan Վերջինիս խոսքերով՝ իրենք երկար ժամանակ չեն կարողացել արտահանել սպիտակ գինիներ, քանի որ այն պահանջում է շատ նուրբ տեխնոլոգիական մոտեցումներ և բարդ տեխնիկական սարքավորումներ: «Ի տարբերություն կարմիր գինու, սպիտակ գինու մեջ թերությունները շատ ավելի ակնառու են: Վերջին տարիների ընթացքում երբ եղան լուրջ ներդրումներ այս ասպարեզում, մենք տեսանք, որ ունենք չնաշխարհիկ սորտեր, որոնց մասին նույնիսկ մոռացել ենք : Մենք ունենք Խաթուն խարջի, որը շատ ավելի արժեքավոր է, քան խարջին: Երբ արաբներն այն ժամանակ եկել են հարկահավաքության, ոսկի չունեցող աղքատներից վերցրել են ոսկուն համարժեք այդ խաղողը: Պարզվում է, որ մենք այդ խաղողը հիմա էլ ունենք ու չենք օգտագործել»: Պարոն Հարությունյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ առավելություններ ունի սպիտակ գինին կարմիր գինու նկատմամբ: «Սպիտակ գինին ավելի նուրբ է, ավելի բուրավետ է, այն պետք է խմել ավելի ցածր ջերմաստիճանում՝ ձկնեղենի և թռչնի մսի հետ: Առհասարակ, գինին դեղ է, դա ապացուցվել է նաև բժշկության մեջ : Հատկապես թոքերի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել սպիտակ գինի, ինչը չափազանց արդյունավետ միջոց է»,-պատասխանեց նա: Ավագ Հարությունյանը շեշտեց նաև, որ նոր սարքավորումների ներկրումից հետո բավական աճել են նաև գինիների արտադրության և արտահանման ծավալները: «Շատ մեծ գումարներ ենք կորցրել նախորդ տարվա նոյեմբերից սկսած՝ ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով, ինչը մինչ այսօր էլ շարունակվում է: Եթե դա չլիներ, մենք հիմա ավելի մեծ տեմպեր կարող էինք ապահովել գինեգործության ասպարեզում: Արտահանման կառուցվածքում 20% զբաղեցնում են սպիտակ գինիները, 80%՝ կարմիրը, նույնը նաև սպառման շուկայում: Սպիտակ գինի արտահանվում է ավելի շատ ԵՏՄ երկրներ, քան եվրոպական, քանզի այն դժվար է հետո պահելը, ռիսկային է նաև տրանսպորտային երկար փոխադրումը, բայց մրցունակության առումով կարող ենք համեմատել մեկ շիշը 5-8 եվրո արժողությամբ գինիների հետ, որը սպիտակ գինու համար շատ բարձր արժեք է»: Միջոցառմանը մասնակցում էին 8 գինեգործական կազմակերպություններ: «Voskeni Wine» կազմակերպության ներկայացուցիչ Նաիրա Մուսոյանն էլ իր հերթին ընդգծում է, որ իրենց համար որպես սկսնակ կազմակերպության, կարևոր են նման միջոցառումները՝ իրենց արտադրանքը ներկայացնելու և ավելի լայն շուկա դուրս գալու առումով: «Մենք փորձում են պահպանել մեր ավանդական սորտերը, որոնք արդեն անհետանում են: Մեր սկզբունքներից է նաև անապակ գինիներ պատրաստելը: Մեր կազմակերպությունը հայկական շուկա է մտել 2015թ-ի սեպտեմբերին, բայց մենք արդեն իսկ արտահանում ենք Ռուսաստան, Շվեյցարիա , առաջիկայում նաև Հոլանդիա: Եթե համեմատում ենք մի քանի տարի առաջ և հիմա, արդեն նկատելի է, որ մարդիկ ձգտում են ավելի շատ ըմպել գինի ու լավ գինի»: