Ով օֆշորի սկանդալում է, այսօր պաշտոնի բարձրացում է ունեցել. Հր. Բագրատյան (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր շարունակեց քննարկել «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015թ. հոկտեմբերի 13-ին ստորագրված «քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-2» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը», որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 112 մլն 960 հազար ԱՄՆ դոլար: Իր ելույթում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նախ հայտարարեց, որ խոսելու է ԵԵԽՎ մասին. «Մենք իրականում պարտվել ենք, մեկ-զրո պարտվել ենք, մեզ խփել են: Ուրիշ մոմենտ չկա: Այս դահլիճում, վստահ եմ, երեք մարդ չկա, որ հասկանա Սարսանգի պրոբլեմը»: Ինչ վերաբերում է վարկային ծրագրին, ապա նա ասաց, որ ինքը, թեեւ դեմ է քվեարկելու, սակայն սա լավ համաձայնագիր է. «Կատարյալ չէ, սակայն անհամեմատ ավելի լավ է, քան մյուսները: Իհարկե, լավ է մտածված: Ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ երեք միլիարդ վեց հարյուր միլիոն դոլարի պարտք ՀՀ-ն վերցրել է միայն վերջին ութ տարում: Ինչքան ուզում եք, այդ վարկերը ծախսում եք: Արդեն դժվար է լինելու վարկերը վերցնել, քանի որ ՀՆԱ-ի հետ կապված խնդիր է առաջանում: Մենք էլ ձեզ էլ չենք հավատում. ով օֆշորի սկանդալում է, այսօր պաշտոնի բարձրացում է ունեցել, մենք էլ ձեր ինչի՞ն հավատանք»: Ի պատասխան նրա ելույթի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Եվ լսելն է հեշտ, եւ կռահելը, ուղղակի անձերն այնպիսին են, որ հետո են կռահելի լինում»: Իր տեղը զբաղեցնելիս Հրանտ Բագրատյանը նետեց. «Գնա գործիդ, հա»: «Էտ ի՞նձ հետ էիր՝ գնա գործիդ ասելով: Գործ չեմ ճարել, դրա համար այստեղ նստած եմ, ինչ ես ուզում ինձնից: Ես անուն չեմ տվել, ձեր անունը չեմ տվել, ուզում եք արձագանքե՞լ, ուզո՞ւմ եք ուրիշի անունը տամ»: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւս դեմ է քվեարկելու վարկային ծրագրին: