Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթը՝ գաղտնիության մթնոլորտում

Հասարակություն
Astghik-nkar

Այսօր կայանալու է Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը, սակայն պաշտոնի համար դիմած ԵՊՀ դոցենտ Աստղիկ Ավետիսյանը մինչև այս պահը չգիտի, թե բացի իրենից, ովքեր են թեկնածուները: «Ամսի 25-ին փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն էր և երբ ես հարցրի աշխատակազմի ղեկավարին, թե էլ ովքեր են դիմել, նա ասաց, թե «որոշել ենք գաղտնի պահել»:Ես ինքս չգիտեմ, թե ովքեր են դիմել: Սխալ մոտեցում է ցուցաբերվում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց նա: Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի հավակնորդը չգիտի նաև, թե ինչ կերպ է կատարվելու ընտրությունը: «Չգիտեմ՝ քվեարկություն լինելու է, չի լինելու: Չկա որևէ տեղեկատվություն: Նորմալ իրավիճակներում գոնե մեկ օր առաջ հայտնում են, որ գնանք, ներկայանանք»,-ասաց տիկին Ավետիսյանը: Աստղիկ Ավետիսյանը կայքում է տեսել մրցույթի մասնակցության կարգը և այն, որ մրցույթը կայանալու է փետրվարի 3-ին, ժամը 14. 00-ին: Նշենք նաև, որ մեր՝ Հանրային ռադիո և Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն կատարած զանգերին ի պատասխան, թե ժամը քանիսին է տեղի ունենալու նիստը, պատասխան չտրվեց: Երկու կառույցից էլ նշեցին, թե տեղյակ չեն: Հանրային հեռուստառադիոընկերությունից հայտնեցին միայն, որ արդյունքները ռադիոյում կլինեն ժամը 15.00-ի սահմաններում: Նշենք, որ ըստ օրենքի՝ խորհրդի նիստերը դռնբաց են, և խորհուրդն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը: