Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ իշխանությունները զգալի չափով խստացրել են բռնությունները. ԱլԳ ֆորումի հայտարարությունը

Քաղաքականություն
images

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման առթիվ   Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն մտահոգված է Հայաստանում իշխանությունների կողմից քաղաքացիական և քաղաքական ակտիվիստների իրավունքների խախտումների դեպքերի հաճախակիացմամբ: 2016թ. սկզբից Հայաստանի իշխանությունները զգալի չափով խստացրել են բռնությունները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, իսկ ևս մեկ ակտիվիստի կալանքի ենթարկելուց հետո քաղաքական շարժառիթներով ձերբակալվածների և կալանավորվածների քանակը հասավ 13-ի: Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը «Նոր Հայաստան» քաղաքական միավորման ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը կալանավորվեց մեկ այլ քաղաքացու պաշտպանելու համար, որը ոստիկանության զոհ էր դարձել ընդամենը Ամանորի տոնածառի զգեստ հագած լինելու համար (միջադեպի հետ կարելի է ծանոթանալ Ազատություն ռադիոկայանի այս հաղորդումը դիտելով https://www.youtube.com/watch?time_continue=163&v=ycaNr1M3-40): Վիճակն էլ ավելի է ծանրացնում բանտում իշխանությունների կողմից քաղբանտարկյալների նկատմամբ ճնշման աղաղակող գործիքի կիրառումը: Այսպես՝ քաղաքական շարժառիթներով կալանավորված Գևորգ Սաֆարյանի և քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի կյանքին և առողջությանը բանտում սպառնում են քրեական տարրերը, ինչը նրանց, ինչպես նաև ի պաշտպանություն նրանց հանդես եկած քաղբանտարկյալներին, հարկադրել է դիմել ծայրահեղ միջոցի՝ հացադուլի: Նաև հաճախակիացել են հարձակումներն ու սպառնալիքները երիտասարդ ընդդիմադիրների, քաղաքացիական ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ: Ծեծի են ենթարկվել «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչներ Սյուզի Գևորգյանը և Հովհաննես Հարությունյանը, ինչպես նաև բլոգեր Կարեն Հարությունյանը. Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը դարձել է անհայտ անձի կողմից Ֆեյսբուքի միջոցով կատարվող սպառնալիքների թիրախ: Ինչպես հարձակվողների, այնպես էլ սպառնացողների անձերը մինչ օր իրավապահ մարմիններ չեն պարզել: Հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը ոստիկանությունը բռնության գործադրմամբ ապամոնտաժել է Ազատության հրապարակում տեղակայված հովանոցը, որտեղ շուրջօրյա հերթապահություն են կատարում սահմանադրական հանրաքվեի արդյունքների դեմ բողոքող «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչները: Այս ամենը տեղի ունենում 2015 թ. դեկտեմբերի 7-ին ԵՄ և Հայաստանի միջև համագործակցության նոր պայմանագրի բանակցությունների ֆոնին և, մյուս կողմից՝ ուղեկցվում է իշխող Հանրապետական կուսակցության բարձրաստիճան գործիչների կողմից քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կատարված՝ «գլուխ կտրելու», «բռնաբարելու», «աչքեր հանելու» սպառնալիքներով, որոնց համար այդ անձինք անգամ վարչական պատասխանատվության չեն ենթարկվել: Տարակուսելի է նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հունվարի 12-ի հրաժարականը: Հրաժարականից ընդամենը մի քանի ժամ առաջ Կարեն Անդրեասյանը դիմել է պաշտոնական հարցմամբ Հայաստանի ոստիկանության պետին՝ խնդրելով բացատրել Ազատության հրապարակում Ամանորի գիշերը քաղաքացիների նկատմամբ ոստիկանական ուժի կիրառման իրավաչափությունը: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ անմիջական կապ կա Պաշտպանի հրաժարականի և նրա իրավապաշտպան գործունեության միջև: Գևորգ Սաֆարյանի կալանքի առթիվ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակով դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին: Իր նամակում Human Rights Watch-ը կոչ է անում վերացնել Գևորգ Սաֆարյանի երկամսյա նախնական կալանքի որոշումը, ինչպես նաև հորդորում է հատուկ հետաքննություն կատարել Ամանորի գիշերը փոքրիկ տոնածառ տեղադրելու փորձ կատարած և/կամ տոնածառ հիշեցնող զգեստ հագած քաղաքացիների նկատմամբ ոստիկանության գործողությունների իրավաչափությունը պարզելու նպատակով: Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն Հայաստանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին և մյուս 12 քաղբանտարկյալներին, դադարեցնել ընդդիմության հետապնդումները, ինչպես նաև քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական տարրական իրավունքներն ու ազատությունները: