Ամերիկացի կամավորը մշակութային շոկ է ապրել Հայաստանում
«Գյուղական համայնքներում կան հրաշալի երիտասարդներ, որոնք ունեն մեծ ներուժ եւ ընդունակ են շատ բաներ անելու, սակայն չկան հնարավորություններ»,- ասում է ԱՄՆ-ի Ալաբամա նահանգից ժամանած Քրիս Հոուարդը, որը մասնագիտությամբ սոցիալական աշխատող է եւ արդեն 5 ամիս է՝ կամավորական գործունեություն է ծավալում ԱՄՆ խաղաղության կորպուսի հայաստանյան մասնաճյուղում, ինչպես նաեւ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում:
Քրիսն ասում է, որ Հայաստանում բնակվելն ու աշխատելը յուրահատուկ փորձ է, որի լավագույն կողմերից մեկը մարդկային բաց եւ անմիջական հարաբերություններն են:
«Վերջերս պատահաբար հանդիպեցի մի 15-ամյա տղայի, որը Սիրիայից էր վերադարձել. մենք առաջին անգամն էինք հանդիպում եւ շատ կարճ ժամանակ է, ինչ գիտեինք իրար, սակայն նա պատմեց իր պատմությունը, ամբողջովին բացվեց: Հայերը անչափ ջերմ եւ հյուրընկալ են, միշտ պատրաստ օգնելու, սակայն միաժամանակ փակ են նորը ընդունելու հարցում: Ես հասկանում եմ՝ նրանք ստիպված են եղել շատ դժվարությունների միջով անցնել, հաղթահարել դրանք, եւ դա կարծես նրանց ավելի փակ է դարձրել, նրանք դժվարությամբ են ընդունում նոր գաղափարներ, խնդիրների լուծման նոր տարբերակներ»:
Նա ասում է, որ մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ տարբերությունն ակնհայտ է, հատկապես գյուղական համայնքներում հնարավորությունները սահմանափակ են:
«Դե, Երեւանը ամենաբնակեցված քաղաքն է, հիմնական համալսարանները այնտեղ են գտնվում, կա տուրիզմ, մարդկանց մտածելակերպն այլ է: Երեւանում հատկապես երիտասարդներին տրված են այնպիսի հնարավորություններ, որոնք բացակայում են ասենք գյուղական համայնքներում, նույնիսկ որոշ դեպքերում հենց այստեղ՝ Գյումրիում. չկա բազմազանություն, բազմաբնույթ գործունեության հնարավորություն: Շատ լավ է, որ երիտասարդները կարող են մասնակցել տարբեր միջազգային կրթական ծրագրերի, դասընթացների, սակայն նման հնարավորություն պետք է տրվի նաեւ Հայաստանի այլ հատվածներում բնակվողներին. այդ ծրագրերը նպաստում են նաեւ միջմշակութային երկխոսության հաստատմանը. Հայաստանը ճանաչում է աշխարհը՝ միաժամանակ ճանաչել տալով իրեն:
Իսկ այն հարցին, թե այս ժամանակահատվածում հիմնականում ինչպիսի դժվարությունների է բախվել, Քրիսը պատասխանեց.
«Սկզբնական շրջանում, մշակութային շոկ էի ապրում, օրինակ՝ մեր խմբում կային նաեւ սեւամորթ կամավորներ, ովքեր որոշ գյուղերում կարծես աստղեր լինեին. երեխաները նրանց տեսնելիս բղավում էին՝ սեւ մարդ, սեւ մարդ, ցանկանում էին նկարվել նրանց հետ: Որոշ դժվարություններ կապված են եղել տրանսպորտային միջոցների հետ, սակայն ես այդքան էլ դրանք հաշվի չեմ առնում, որովհետեւ ես եմ ընտրել այս ճանապարհը, ես դեռ մոտ երկու տարի այստեղ եմ ապրելու եւ գիտակցում եմ, որ այստեղի նոր կյանքը տարբեր մարտահրավերներ է բերելու, եւ եթե ստիպված չլինեի բախվելու տարբեր դժվարությունների, ապա չէի էլ բացահայտի այդ դժվարությունները հաղթահարելու նոր մեխանիզմներ»:
Զրուցեց Սյուզի Մուրադյանը