Մեր հրաձիգներից առաջին օրը լավագույնը Զավեն Իգիթյանն էր
Հայաստանի հրաձիգները չկարողացան մեդալ նվաճել Մյունխենում մեկնարկած International air gun competition մրցաշարի առաջին օրը: Մեր 10 պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ Զավեն Իգիթյանը, որը 10 մետր օդամղիչ ատրճանակ (60 կրակոց) երիտասարդների պայքարում 56 մրցակիցների մեջ գրավեց 7-րդ տեղը: Մեր մյուս հրաձիգները՝ Բենիկ Խլղաթյանը, Սուրեն Բերյանը, Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Վրեժ Թորոսյանը, Հայկ Բաբայանը եւ Էլմիրա Կարապետյանը տարբեր վարժություններում չկարողացան մտնել առաջին ությակ եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: Այսօր մեկնարկի կելնեն Իրինա Լաուերը (Աղաջանյան), Մարիամ Միքայելյանը, որոնք ուժերը կփորձեն 10մ օդամղիչ հրացան (40 կրակոց) վարժությունում: Երիտասարդների մրցաշարին մասնակցող Վրեժ Թորոսյանը, Հայկ Բաբայանը, Զավեն Իգիթյանն ու Բենիկ Խլղաթյանը կկրկնեն երեկվա վարժությունները: