Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում՝ լուրջ մտահոգությունների առիթ․epress.am
Հայաստանում իրավունքների վիճակը 2015 թվականի ընթացքում մնացել է անհարթ` առկա են լուրջ մտահոգություններ իշխանությունների կողմից հավաքների ազատությանը միջամտելու կապակցությամբ: Այլ մտահոգությունների շարքում են ԶԼՄ-ների ազատությունը, բանտային վատ պայմանները` ներառյալ գերբեռնվածությունը և վատ վերաբերմունքը, ինչպես նաև խտրականությունն ընդդեմ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց: Այս մասին ասված է Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցում։
Իրավապաշտպանները նշում են, որ 2015 թվականի դեկտեմբերին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո որոշ տեղական դիտորդներ մեղադրանքներ են հնչեցրել լայնածավալ ընտրակաշառքների, լցոնումների, ինչպես նաև դիտորդների նկատմամբ սպառնալիքների և բռնությունների դեպքերի վերաբերյալ:
Հավաքների ազատություն և քաղաքական այլախոհություն
Համաձայն զեկույցի, 2015֊ի ընթացքում իշխանությունները մի քանի անգամ միջամտել են հավաքների ազատությանը, այդ թվում` ուժի գործադրմամբ: Որոշ ցուցարարների նկատմամբ կիրառվել է բռնություն: Մասնավորապես, սեպտեմբերին բողոքի երթից հետո անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել կառավարությանը քննադատող, «Ազատամարտիկների դաշինք», անկախ խմբի անդամ Սմբատ Հակոբյանը: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երեք կասկածյալների նկատմամբ, հետաքննությունն ընթացքի մեջ է:
«Հունիսի 19-ին, հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Երևանի կենտրոնում՝ բողոքելու էլեկտրաէներգիայի սակագինը 17 տոկոսով թանկացնելու առաջարկի դեմ` «Էլեկտրիկ Երևան» անվանումը ստացած շուրջօրյա ցույցերի միջոցով: Հունիսի 22-ին, ցուցարարները երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր, և այն բանից հետո, երբ ոստիկանությունը արգելափակեց նրանց շարժը, վերջիններս զբաղեցրեցին կենտրոնական պողոտան` մնալով այնտեղ մինչև հունիսի 23-ի օրվա սկիզբը, երբ ոստիկանությունը նախազգուշացնող հայտարարություն տարածեց, այնուհետև ջրցան մեքենաների օգտագործմամբ ցրեց բողոքի ակցիան: Ոստիկանության պաշտոնյաները լրատվամիջոցներին հայտնել են, որ առնվազն 25 մարդ, այդ թվում 11 ոստիկան, ստացել են մարմնական վնասվածքներ, մի շարք ցուցարարներ դիմել են բժշկական օգնության: Ակտիվիստները և լրատվամիջոցները հայտնել են, որ ոստիկանները հարձակվել և ձերբակալել են բազմաթիվ լրագրողների, որոշ դեպքերում, կոտրելով կամ բռնագրավելով տեսախցիկներ` վերացնելով իրադարձությունների լուսանկարներն ու տեսանյութերը:
Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 200 ցուցարարների և պահել նրանց օրվա մեծ մասը` ազատելով առանց մեղադրանք առաջադրելու», ֊ նշում են իրավապաշտպանները՝ ընդգծելով, որ ոստիկանությունը բռնի ուժով ցրել է հերթական խաղաղ բողոքի ակցիան ընդդեմ սակագնի բարձրացման նաև սեպտեմբերի 11-ին` ժամանակավորապես ձերբակալելով մոտ 50 ցուցարարների»
Առավել մանրամասն՝ այստեղ