ՀՅԴ. «Այս պահին որեւէ կոնկրետ պաշտոն չենք քննարկել» (տեսանյութ)
Հանրապետականի հետ կոալիցիա ձեւավորելու մասին հայտարարությունից հետո Դաշնակցությունից հրաժարվողների մասին խմբակցության քարտուղարը տեղեկություններ չունի. «Չեմ էլ բացառում, որ կլինեն մեկ-երկու անհատներ, որոնք սկզբունքորեն այլ տեսակետ կունենան, շատ նորմալ է, բայց դա չի նշանակում, որ մեկ-երկու հոգու կարծիքը Դաշնակցության տեսակետն է։ Ես կափսոսամ ցանկացած դաշնակցականի համար, որ այդ քայլին կդիմի»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այս շաբաթ արդեն որոշակի կոնկրետ տեղեկություններ կլինեն կոալիցիայի ձեւավորման բանակցություններից, Դաշնակցության բոլոր 50 կոմիտեները կտեղեկացվեն ընթացքի մասին. «Մեզ համար երկու տարբերակն էլ գոյություն ունի՝ եւ ընդդիմություն լինելը եւ համագործակցելը»: Դաշնակցությունը դեռեւս պաշտոնների շուրջ չի բանակցում, վստահեցնում է ՀՅԴ խմբակցության ղեկավարը, այլ այն քայլերի, որոնք երկիրը դուրս կհանեն ճգնաժամից. «Քայլեր կարվեն, որոնք ցույց կտան, որ մեր մասնակցությունը նոր ուղղություն է բերում եւ հույս է առաջացնում»: Միայն սրանից հետո հնարավոր կլինի խոսել համագործակցության եղանակների եւ պորտֆելների բաժանման մասին: Դաշնակցությունը պատրաստ է մասնակցել նոր Սահմանադրությունը կյանքի կոչելուն. «Մենք երբեք չենք հրաժարվել պատասխանատվությունից, չենք հրաժարվել աշխատանքից, չենք մերժել մերժելու համար, չենք ասել՝ թշնամի են եւ պետք է ոչնչանան»: Պարոն Վարդանյանը հիշեցնում է, որ, այո, իրենք իշխանության առաջ 7 կետ էին քաշել, որոնք պետք է իրականացվեն, բայց դրանք համագործակցության նախապայման չէին. «Կետերը մեր պատկերացումն են երկրի բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ»: Ինքը հասկանում է հանրապետականի հետ կոալիցիա կազմելու մասին Հրանտ Մարգարյանի հայտարարությունից հետո առաջացած աղմուկը. «Մենք շատ հանգիստ ենք դրան վերաբերվում»: Խմբակցության քարտուղարը տեղյակ է պաշտոնների բաժանման մասին մամուլի հրապարակումներին, ըստ որոնց Դաշնակցությունը չի ստանում ցանկալի պորտֆելները. «Այս պահին որեւէ կոնկրետ պաշտոն, որեւէ պորտֆել, որեւէ բան մենք չենք քննարկել»: Սակայն ո՞ր ոլորտներում կուզեր հանրապետականի հետ համագործակցեր Դաշնակցությունը: Այստեղ էլ մամուլի համար որոշակի ոչինչ չկա. «Դաշնակցության համար ոլորտ չկա, կամ այն ինչ կատարվում է մեր Հայաստանի իրականության մեջ , այդ բոլորը Դաշնակցության պատասխանատվությունն են, անկախ նրանից՝ Դաշնակցությունն ընդդիմություն է, թե իշխանություն»,- նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: