ԵՏՄ աշխատակազմում ավելի շատ հայեր կլինեն. բանակցություններ գազի գնի շուրջ (տեսանյութ)
Արդյոք ՌԴ-ն կիջեցնի՞ ՌԴ-ից ՀՀ մատակարարվող գազի սակագինը, հատկապես երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է ռուս իր գործընկերոջը համապատասխան խնդրանքով՝ խթանելու արտահանումը: ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքերով՝ այդ հարցը բարձրացվել է նաեւ մեր տնտեսվարողների կողմից, եւ այն ՀՀ կառավարության համար խիստ կարեւոր է. «Գազի գնի իջեցումը հնարավորություն կտա ունենալ ավելի մրցունակ տնտեսություն: Այժմ այդ բանակցությունները ընթանում են, ու քանի դեռ դրանք ընթանում են, ես կնախընտրեի այս պահին որեւէ բան չհայտնել»: Ինչ վերաբերում է ՀԷՑ-ին, ապա արդյոք կիջնե՞ն էլեկտրաէներգիայի սակագները՝ հաշվի առնելով Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի այն հայտարարությունը, որ ընկերությունն արդեն շահույթով է աշխատում, Վաչե Գաբրիելյանը նշեց. «Ես չեմ ուզում կանխակալել ՀԾԿՀ որոշումները, բայց հանձնաժողովը կքննարկի ՀԷՑ ամբողջ տարվա արդյունքները, կտեսնենք՝ ինչպես է եղել: Ասեմ, որ դրական երեւույթներ կան՝ մենք կորուստների նվազումներ ունենք: Դա, իհարկե, ողջունելի է եւ բավարար կլինի, որ այս խնայողությունները բերեն սակագնի նվազմանը»: Վարչապետը 2015թ. տարեվերջին խոսեց Կառավարության կազմի օպտիմալացման մասին, կա՞ն արդյոք նորություններ, Վաչե Գաբրիելյանն ասաց. «Օպտիմալ կառավարումը գտնվում է վարչապետի ուշադրության կենտրոնում, եւ նա անդրադառնալու է այդ հարցին: Իսկ նախարարություններն են կրճատվելու, թե պաշտոնյաները, դա ժամանակի ընթացքում պարզ կլինի»: Պարոն Գաբրիելյանն անդրադարձավ նաեւ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակմանը եւ փետրվարի մեկից այդ պաշտոնի ստանձնմանը՝ ասելով. «Ստանձնումը կատարվում է որոշակի պայմաններին համապատասխան: Փետրվարի մեկից հետո կլինեն որոշակի փոփոխություններ ոչ միայն, որ Տիգրան Սարգսյանն է ստանձնում, այլեւ հանձնաժողովի նոր կազմը, որը հիմնականում հին աշխատակիցներն են: Սակայն նոր կազմը նոր օրենքներով պետք է սկսի գործել, նկատի ունեմ, որ կա օրենսդրական պահանջ միութենական պայմանագրով, որով որոշակի քվոտավորումներ են նաեւ տեղի ունենում: Այս ամենը քննարկվում է ու բնականոն ընթացքով իրականանում: Այստեղ որեւէ նորություն կամ չնախատեսված դեպք՝ որպես այդպիսին, չի լինում: Նախարարներն արդեն իսկ հաստատված են, ԵՏՄ անդամ հինգ երկրից յուրաքանչյուրն ունի 2 ներկայացուցիչ, ՀՀ-ից Տիգրան Սարգսյանն է եւ Կարինե Մինասյանը: Դրանից բացի, կտեսնենք ավելի շատ մարդիկ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի աշխատակազմում, որոնք կներկայացնեն Հայաստանը»: