Դատախազությունը բողոքարկելու է բժշկուհուն ազատ արձակելու որոշումը
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով անօրինական է համարել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունը: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Ա1+»-ից հայտնեցին, որ դատախազությունը 10-օրյա ժամկետում որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում: Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել էր հունվարի 22-ի երեկոյան: Հաջորդ օրը, սակայն, դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել: Դատարանը անօրինական է համարել քննիչի որոշումը եւ կարգադրել ազատ արձակել Բախշյանին: Նա դատարանից «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Մերի Մարգարյանի հարազատները ծննդկանի մահվան մեջ մեղադրում են հենց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն էր ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը: