Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դիպլոմի տակ են մնացել». Պիպոյանը պատասխանում է ՍԱՊԾ-ին

Հասարակություն
babken-pipoyan

«Ես երբեք չեմ ասել, որ անասնաբույժ եմ: Իմ միտքը կապ չուներ մասնագիտականի հետ»,-«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն «Ա1+»-ի հետ զրույցում հակադարձեց ՍԱՊԾ ներկայացուցչի ասածին՝ կապված այն բանի հետ, թե Պիպոյանը մասնագիտական հմտություններ չունի, որ վերլուծի դաբաղի դեպքը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն այսօրվա ասուլիսում նաև նշել էր, թե որևէ ողբերգություն չկա այս իրավիճակում: Պարոն Պիպոյանը շարունակում է պնդել. «Այո, ազգային ողբերգություն է, որ մեր հասարակությունը Ռուսաստանից է իմանում, որ մեր կենդանիների մոտ դաբաղ հիվանդության առումով անկայուն վիճակ է»: Ըստ ՍԱՊԾ-ի, սակայն,  միայն մեկ շրջանում է դաբաղի դեպք գրանցվել. «Ողբում եմ մեր մասնագետների համար, որ չեն կարողացել ասել, որ մեկ դեպքն անկայուն վիճակի մասին չի խոսում: Եթե, իհարկե, այդ մեկ դեպքն է»,-ընդգծեց պարոն Պիպոյանը: Վերջինս նաև կոչ արեց Հովհաննես Մկրտչյանին ու ոլորտի այլ ներկայացուցիչների. «Բոլոր նրանք, ովքեր խոսում են մասնագիտականից, թող խոսեն առերես, հրավիրում եմ հրապարակային քննարկման: Կան շատ մասնագետներ, որ դոկտորի կոչում էլ չունեն: Կան, որ իբրև թե մասնագետ են, դիպլոմ ունեն, բայց նրանք դիպլոմի տակ են մնացել: Ասեմ նաև, որ այդ դիպլոմով մասնագետները կատարում են տնտեսագետների, պատմաբանների հանձնարարությունները: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար կազմում որևէ մեկը մասնագետ չի: Եվ հավանաբար, դա կոմպլեքս է առաջացնում մյուս աշխատակիցների մոտ»: