Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը
Ցեղակրոն կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դադարեցրել է հունվարի 21-ից սկսած իր հացադուլը, որով նա իր զորակցությունն էր հայտնում օդամղիչ ատրճանակից կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանին: Ինչպես նշեց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, Հայկը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը, ուստի Շանթ Հարությունյանի հացադուլը շարունակելու միտք չկար: Իր հացադուլը դադարեցրել է նաեւ Վարդան Վարդանյանը: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն այց է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։ Խմբի միջնորդությամբ Հ. Կյուրեղյանը ստացել է ՔԿՀ վարչակազմի հավաստիացումը, որ կտեղափոխվի մենախուց, ինչով եւ կապահովվի նրա անվտանգությունը։ Այնուհետեւ Հայկ Կյուրեղյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս հացադուլից եւ ջրադուլից: Նա 8 օր գտնվում էր հացադուլի եւ 5 օր ջրադուլի մեջ: