Երեխաներ՝ 4-րդ կարգի վթարային շենքում. ինչու բնակիչները համաձայնության չեն գալիս (տեսանյութ)
Սիսակյան 3 հասցեի 4-րդ կարգի վթարայնություն ունեցող հանրակացարանը դեռ բնակիչներ ունի, թեեւ քաղաքապետարանը հայտարարում է՝ ամբողջությամբ ավարտվում է նրանց վերաբնակեցնելու գործընթացը: « Երեխաներս ահով- դողով ապրում են, ասում են՝ մամա կարող է մի օր կռանը ընկնի գլխներիս, մենակ ես եմ մնացել հարկում, ահով դողով ապրում եմ, մինչեւ երբ: Աղջիկս բազմոցին քնում է, վերեւից փշուրները մանր- մանր ընկնում են աղջկաս վրա»,- ասում է Նարինե Ազատյանը: Խնդիրն այն է, որ 6 ընտանիք համաձայն չէ այն առաջարկի հետ, որը ներկայացվել է քաղաքային իշխանությունների կողմից։ «4 բնակարանից տվել է երկու բնակարան, ես եմ եղբայրս է իմ ընտանիքով, մայրս է, ոտքերս այստեղից չենք քաշելու, մինչեւ մեր բնակարանները չտան»,- ասում է Լիլիթ Աղաբեկյանը: Իռա Սարդարյանը արդեն 20 տարի է` բնակվում է այս շենքում: Նա Գետաշենից է տեղափոխվել Երեւան: Որպես փոխհատուցում նրա ընտանիքին առաջարկվել է մեկ սենյականոց բնակարան: « Մեկ սենյականոց բնակարանում արդյոք հնարավո՞ր է ինը մահճակալ դնել եւ ապրել: Ծառայության ժամանակ իմ տղան սանհանգույցում չէր ապրում, տուն տալուց սանհանգույցում է ապրում, ուր գնա, փողոց: Պահանջում եմ իմ երկու սենյակը, ունեմ երկու սենյակ, թող իմ երկու սենյակը տան»,- ասում է Իռա Սարդարյանը: Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշում է՝ Սիսակյան 3 շենքի բնակիչների պահանջները չեն բխում օրենքի պահանջից: «Նրանց պահանջները ավելին են, քան օրենսդրությամբ նախատեսվում է վերաբնակեցման գործընթացը; Իռա Սարգսյանի դեպքում նա ունեցել է մեկ սենյակ եւ մեկ սենյակ ավելացրել են շենքի նախագծային սանհանգույցի մի կտորը: Մենք սահմանված մեկ սենյականոցի դիմաց առաջարկել ենք մի սենյակ, բայց անկախ ամեն ինչից մեր հատկացվելիք մեկ սենյականոց բնակարանը մակերեսով գրեթե երկու անգամ ավելին է»,- ասում է Վահե Նիկոյանը: Փոխքաղաքապետը նշում է՝ բնակիչների հետ կրկին կքննարկեն հարցը, եթե համաձայնության չեկան, կդիմեն դատարան՝ շենքն ազատելու համար: Դիտեք տեսանյութը