Ինչպես Գյումրին ունեցավ Ձմեռ պապ, արևային համակարգ, սահադաշտ. երիտասարդները ցույց են տալիս ձևը
Խցաններով պատրաստված մեծ խճանկարներ եւ Գյումրվա հին խոսքեր քաղաքի տարբեր հատվածներում, Ամանորի նախօրեին Ձմեռ պապերով երթ, սահադաշտ, փողոցային լուսավորության ապահովում, աջակցություն Գյումրու կենդանաբանական այգուն եւ այլն. նախաձեռնությունների հեղինակը «Գյումրին մեր տունն է» կոչվող երիտասարդների խումբն է, որի գործունեությունը ուղղված է Գյումրիում եւ Շիրակի մարզում առկա խնդիրներին նորարար եւ այլընտրանքային լուծումներ տալուն:
«Ա1+»-ը զրուցեց խմբի անդամներից մեկի՝ Արսեն Վարդանյանի հետ, ով 2015 թվականին «Հայեր հոլդինգ» ընկերության կողմից ճանաչվել էր տարվա լավագույն գյումրեցի:
-Արսե՛ն, ի՞նչը խթան հանդիսացավ ավելի լուրջ հասարակական գործունեությամբ զբաղվելու համար:
-Որեւէ կոնկրետ առիթ չեմ հիշում, պարզապես զգացել եմ, որ սա ապրելակերպ է, ոչ թե զուտ աշխատանք: Նույնիսկ այն ժամանակվանից, երբ դեռ փոքր էինք, երբ դեռ մեր գիտակցականը այնքան չէր, որ հասկանայինք, թե ինչ է հանրային շահը, համոզված եմ՝ ամեն մեկս մի բան արել ենք մեկս մյուսի համար: Այնուամենայնիվ, գործունեությունը բուռն զարգացում ապրեց ծրագրի մասնակցելու նպատակով իմ՝ դեպի Ռումինիա ճանապարհվելուց հետո: ԵՄ անդամ, թերեւս զարգացման փուլ ապրող այս երկրում եւս շատ խնդիրներ կային, սակայն ընթացքում տեսա, որ մի շարք խնդիրներ կարելի է նուրբ ու պարզ եղանակով լուծել, այդ ամենը լուսանկարների ու հիշողության տեսքով բերեցի Հայաստան եւ նկատեցի, որ դրանք համադրելի են մեր քաղաքին, պայմաններին, ապրելակերպին: Հասկանալի է՝ կան մի շարք խնդիրներ, մենք էլ ապրում ենք այդ խնդիրներով, ճաշակում՝ դրանց դառը պտուղները, բայց պետք է գա մի պահ, երբ սկսենք փնտրել լուծման նոր տարբերակներ, նոր ուղիներ եւ ես գիտեմ, որ մենք այն սերունդն եք, որը եկել է մի շարք դժվարություններ հաղթահարելու:
-Իսկ ըստ քեզ՝ որո՞նք են Գյումրիում առկա ամենաարդիական խնդիրները:
-Ինձ համար առաջնային կամ երկրորդական խնդիրներ չկան, քանի որ առաջին հայացքից բոլորն էլ առաջնային են: Երբ զբաղվում ես մարդու իրավունքների պաշտպանությամբ, թվացյալ բոլոր ոլորտները միավորման կարիք ունեն: Մի ոլորտում մի հարցի լուծման կարգավորման համար պետք է շատ բարդ գործընթաց անցնել, պետք է մի քանի ոլորտներ կարգավորել կոնկրետ խնդրին լուծում տալու համար: Սակայն ամեն դեպքում ոչ միայն Գյումրու, այլ նաեւ ամբողջ երկրի հիմնական խնդիրը մնում է արտագաղթը իր հետեւանքներով, պատճառներով՝ գործազրկություն, սոցիալական պայմաններ: Այստեղ նաեւ կառանձնացնեմ բարոյահոգեբանական մթնոլորտը. մարդիկ դուրս են գալիս փողոց, այդ փողոցի ցեխը, կեղտաջուրը նույնպես ազդող գործոններ են: Շրջապատը, պայմանները պետք է նպաստեն, որ մարդիկ իրենց լավ զգան: Վերջերս ոլորտի մասնագետներից մեկը ասաց՝ տուրիզմը չի կարող զարգանալ այնտեղ, որտեղ մարդիկ իրենց երջանիկ չեն զգում: Բնականաբար որոշ հարցեր քիչ թե շատ լուծում ստանում են, սակայն դա դեռ բավարար չէ. տնակներ, երիտասարդության ինքնազարգացման համար ստեղծված վայրեր եւ այլն. սրանք բաց են մնում:
-Արսե՛ն, իսկ որո՞նք են եղել խմբի ամենահաջողված նախաձեռնությունները:
-Որպես հաջողության փորձ՝ կառանձնացնեմ երկուսը: Ինչու փորձ, որովհետեւ մեր շեշտադրումը՝ «մենք եկանք քաղաքը փոխելու» չէր, այլ մենք եկանք պարզապես ձեւը ցույց տալու: «Գյումրին մեր տունն է» խմբի առաջին լուրջ փորձը 2013 թվականին սահադաշտի կառուցումն էր: 49 օր քաղաքը սահադաշտ ունեցավ այն պարագայում, որ չմուշկ վարձակալելու, տալու խնդիր չէինք դրել մեր առջեւ, միայն սահադաշտ կառուցելու աշխատանքներն էինք պատրաստվում իրականացնել: Երբ սառույցը պատրաստ եղավ, զգացինք, որ չմուշկ չունենք, հետո ստիպված եղանք ընկերների, կազմակերպությունների շնորհիվ կարգավորել այդ ամենը: Իսկ երկրորդ լուրջ փորձը այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների միջոցով՝ արեւային համակարգերով փողոցների լուսավորության ապահովումն էր: Գյումրու Անի թաղամասի 2 բակ լուսավորել ենք արեւային պանելներով՝ յուրաքանչյուրում տեղադրելով 4 արեւային համակարգեր երկուական պանելներով, եւս 2-ը լուսավորել ենք ԼԵԴ լամպերով, իսկ քաղաքապետարանի թույլտվությամբ հոսանքը կենտրոնական սնուցումից ենք վերցրել: Սա, իրոք, հաջողության փորձ էր մեզ համար. մենք մասնագետներ էլ չէինք, պարզապես տեսել էինք, որ այսպիսի բաներ կան, անում են, դիմեցինք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող «Կոլբա Լաբս» ծրագրին եւ հաղթեցինք: Սկզբում մարդիկ այն չէին ընկալում որպես արեւային համակարգով լուսավորում, սա նորություն էր նրանց համար, բայցեւայնպես նրանց էլ դուր եկավ:
- Սահադաշտը կարծես նախադեպային էր, քանի որ չնայած նախկին փորձերին՝ Գյումրին այսպիսի սահադաշտ չէր ունեցել: Ավելի մանրամասն կներկայացնե՞ս սահադաշտի կառուցման աշխատանքները:
-Ամեն ինչ սկսվեց ֆեյսբուքյան մի հայտարարությունից, որտեղ նշել էի, որ ուզում եմ Գյումրիում սահադաշտ կառուցել: Հայտարարությանը արձագանքեցին յոթ հոգի, հաջորդ օրն էլ ավագանու նիստն էր, որոշեցինք գրանցվել ու մասնակցել: Յոթ հոգով մասնակցեցինք նիստին, որտեղ հայտարարեցինք, որ այսպիսի գաղափար ունենք, հետներս էլ սիմվոլիկ շշերով ջրեր էինք տարել, որպեսզի ցույց տայինք, որ պատրաստ ենք: Քաղաքապետարանը հանձնարարեց Ֆիզկուլտուրայի և սպորտի, ինչպես նաեւ Շրջակա միջավայրի պահպանության ու բնակկոմունալ տնտեսության բաժինների պետեր Մեխակ Ղազարյանին եւ Կնյազ Մանասյանին զբաղվել այդ հարցով: Հաջորդ օրը զանգահարեցին եւ հայտնեցին, որ տարածքը տրամադրված է՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարավային մասում գտնվող լողավազանը: Նախապատրաստական աշխատանքները տեւեցին 13 օր, որի ընթացքում ոչ թե միայնակ էինք աշխատում, այլ բոլորով. տեղում գործող սրճարաններից մեկը երաժշտությունն էր ապահովում, անծանոթ մարդիկ գալիս ձեռնոցներ ու գլխարկներ էին տալիս. աշխատում էինք մինչեւ ուշ գիշեր: Երբ սահադաշտը պատրաստ էր, 2-3 օր հայտարարում էինք դա, սակայն արձագանք չկար, մարդիկ գալիս, պարզապես նայում էին: Դե, չմուշկներ չունեինք, եւ կրկին սկսվեց չմուշկների ֆեյսբուքյան որսը: Առաջին 6 չմուշկները տրամադրեց 41 դպրոցի աշխարհագրության ուսուցիչը, Ռուսաստանից, Ամերիկայից էին ուղարկում, մարդիկ իրենց հին ժանգոտված չմուշկներն էին բերում, տարբեր կազմակերպություններից էին աջակցում, այդպես ունեցանք 70-ից ավելի չմուշկ: Ուզում եմ ասել, որ այստեղ մի մարդու գործոն չէր, նույնիսկ պարզապես թիմային աշխատանք չէր, սա մի մեծ ընտանիք էր, ամեն մեկը իրենց փոքր-փոքր քայլերով այնքան շատ բան էին անում մեզ համար, այդ իսկ պատճառով, երբ ասում են «Գյումրին մեր տունն է» խմբում քանի անդամ են ներգրավված, ասում եմ՝ քաղաքի կեսը: Շատ ուրախալի է, որ այս տարի եւս հանձն էին առել սահադաշտ կառուցելու աշխատանքները, ինչի արդյունքում քաղաքն այսօր 2 սահադաշտ ունի:
- Իսկ խմբի գործունեության ընթացքում ինչպիսի՞ խոչընդոտների եք բախվել:
-Խոչընդոտները ոչ թե ֆինանսական կամ տեխնիկական էին, այլ ավելի շատ բարոյահոգեբանական, նաեւ կապված էին իրավական դաշտի հետ. ասենք, կային նախկինում ընդունված որոշումներ, օրինակ՝ ենթադրենք վայրը, որի հետ կապված ծրագրեր ունեինք կամ վատ վիճակում էր, ցանկանում էինք բարեկարգել, արդեն վաճառված էր: Իրավական մակարդակում որոշակի քայլեր կատարելու համար մի մեծ պրոցես է պետք հաղթահարել, այսինքն՝ կան մեխանիզմներ, որ երիտասարդների համար դեռեւս հեշտացված չեն: Ինչպես նշեցի, սա շղթայական երեւույթ է. եթե ինչ-որ լավ բան ես ուզում անել, պետք է մի քանի ոլորտում փոփոխություններ կատարվեն, որպեսզի վերադառնաս այդ քո խնդրին:
- Ըստ քեզ՝ ի՞նչ կարեւոր հատկություններ պետք է ունենա հասարակական ակտիվիստը:
-Հասարակական ակտիվիստը նախեւառաջ պետք է ինքն իրեն պատասխանատու լինի: Նա պետք է բարձր արժեքների հետեւորդ, իր աշխատանքին նվիրված, նորը բացահայտող մեկը լինի: Կարեւորը՝ չպետք է լինի գոռոզ. եթե ինչ-որ բան անես ու ամեն անգամ սպասես շնորհակալության, այդ ամենը արդեն սուտ կլինի. մենք ենք որոշել մեր ճակատագիրը եւ պետք է առանց ինչ-որ բանի գործը առաջ տանենք: Իսկ ամենակարեւորը՝ հասարակական ակտիվիստը պետք է անընդմեջ հիշի, որ ինքը հանուն կոնկրետ նպատակի է անում իր գործը:
- Իսկ, ո՞րոնք են խմբի հետագա անելիքները:
-Մեր հետագա քայլերը կլինեն ավելի նոր, թարմացված, նախկին փորձերը ավելի կատարելագործելու միտումով: Այժմ խցաններով պատրաստված 4 խճանկար ունենք, մտադրված ենք ամռանը ունենալ 8-ը: Նպատակ ենք դրել ստեղծել ամենամեծ խճանկարը աշխարհում, որպեսզի էլի ինչ-որ տեղում քաղաքի, երկրի անունը շեշտվի: Հեծանվային սպորտի, զբոսաշրջություն հետ կապված մեծ պլաններ ունենք: Վերջերս գյուղական համայնքներում զարգացման ծրագրեր ենք իրականացրել, հաջողությունը ոգեւորիչ էր, որոշեցինք շարունակել եւ ընդլայնել գործունեության շրջանակը՝ այս անգամ գյուղական համայնքներում վերապատրաստելով էքսկուրսավարների. խնդիրն այն է, որ ամեն օր լինելով նույն միջավայրում՝ հաճախ բնակիչները չեն նկատում իրենց իսկ կողքին ապրող հետաքրքիր մարդկանց, պատմություն ունեցող առարկաներ, երեւույթներ: Անհրաժեշտ է հավաքագրել այդ ամենը, պատրաստել երիտասարդների, ովքեր տարբեր կողմերից կներկայացնեն գյուղը: Այս տարի էլ մենք մեզանով կարողացել ենք 5-6 աշխատատեղ ստեղծել, մտադիր ենք կրկնապատկել դա. եթե բնակիչը աշխատանք ու գումար ունի, ապա կկարողանա ինքն իրեն կարգավորել այլ հարցեր:
Զրուցեց Սյուզի Մուրադյանը