Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախադրյալներ կան, որ գազի գինը կէժանանա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
cshmarityan

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը բամբասանք է որակում իր պաշտոնանկության մասին տեղեկությունները. «Ես տեղեկություն չունեմ այդ թեմայից»: Նա վստահեցրեց, որ տերեվերջին խոսվող կրճատումների վերաբերյալ դեռևս քննարկումներ չեն սկսվել: Նախարարը այնուհետեւ տեղեկացրեց, որ կառավարությունը դիմել է Ռուսաստանին գազի գնի էժանացման համար. «Էներգակիրների գինը տնտեսության համար կարևոր նշանակություն ունի: Մեր տնտեսվարողների կողմից, մանավանդ նրանց, ովքեր գազ սպառող են, այդ հնարավորությունը չօգտագործելը կամ չփորձելը սխալ կլինի»,- ասաց նա՝ հավելելով, որ նախադրյալներ կան, որ գազի գինը կէժանանա, հակառակ դեպքում  չէինք դիմի Ռուսաստանին: Կհրաժարվի՞ արդյոք Հայաստանը ռուսական գազից՝ մերժում ստանալու դեպքում եւ կսկսի՞ արդյոք համագործակցել Իրանի հետ, հարցին պարոն Ճշմարիտյանը պատասխանեց. «Դրանք բանակցությունների թեմաներ են: Երկուսն էլ մեր գործընկեր երկրներն են, Իրանից հիմա հանվում են որոշ պատժամիջոցներ և Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում: Դա լրացուցիչ թթվածին կարող է լինել մեր տնտեսության համար»: Ճշմարիտյանը չհերքեց նաեւ,  որ կառավարության կողմից ստեղծված արտահանման խորհուրդը նպատակ ունի ԵՏՄ-ից բացի այլ շուկաներ որոնել. «Մեկ շուկայի հետ գործ ունենալը միշտ էլ վտանգավոր է, դա կլինի Ռուսաստանը, թե Եվրոպան»: «Ա1+»-ի հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք Մեղրու ՀԷԿ-ի կառուցման  վերսկսումը՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո, նախարարը պատասխանեց. «Ոչ միայն դա, այլ նաեւ բազմաթիվ այլ ծրագրեր Իրանի հետ կարող են իրականացվել: Մի հատկանշական բան էլ կա, եթե պատժամիջոցները վերացվում են, ապա հնարավորությունները նախկինում եղած ծրագրերի ավելի են մեծանում»: