Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչ-որ մի ձեռք մեր երկիրը անընդհատ քանդում է, դարձել ենք փորձադաշտ» (տեսանյութ)

Հասարակություն
zvartnoc-1

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը վերջին շրջանի ճարտարապետության լավագույն կոթողներից մեկն է, մնայուն արժեք, որը դարձել է Հայաստանի դեմքը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով «Զվարթնոցի» հին մասնաշենքը քանդելու որոշման մասին, ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: «Վերջ տվեք այդ քանդելուն, բավական է քանդել, ավերել: Քանդեցիք երիտասարդական պալատը, ի՞նչ դրեցիք դրա փոխարեն: Տարիներ շարունակ նախագծեր են քննարկում, որը չկա»,-հայտարարեց նա: Գրականագետն առաջարկում է ընդվզման մեծ ալիք սկսել սրա դեմ. «Ինչ-որ մի ձեռք մեր երկիրը անընդհատ քանդում է, կարծես դարձել ենք փորձադաշտ: Ինչ փորձ ասես՝ դրեցին մեզ վրա: Դրա համար պետք է ամուր լինենք, դիմակայենք եւ մեր կարողացածի չափով թույլ չտանք այդ ավերումները»: Ասուլիսին ներկա՝ ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանը նույնպես կարծում է, որ պետք չէ ձեռք տալ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքին. նա հիշում է, թե ինչպես է այն գծագրվել ու կառուցվել. «Որովհետեւ այդ շենքի հեղինակները իմ մտերիմ ընկերներն էին, որոնք արդեն կենդանի չեն: Աշխարհում չկա քանդելով կառուցել, կա կառուցելով կառուցել: «Զվարթնոցի» հին շենքը գեղեցիկ է սարքված, կարելի է փոխել, ամրացնել, բայց քանդել՝ ուղղակի համարելով, թե այն կոնստրուկտիվ չի արդարացնում... Այդպիսի մի թուղթ ստորագրվեց, եւ քանդվեց Լենինի պատվանդանը, որը հետո տրաքացնում էին, չէր քանդվում»: Ճարտարապետը դիմեց Էդուարդո Էռնեկյանին, ով հանդիսանում է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի սեփականատերը՝ խնդրելով չքանդել այն. «Խնդրում եմ հենց իրեն՝ Էռնեկյանին, գտնել ուրիշ տարբերակ, որ ձեռք չտան այդ կառույցին: Ժողովուրդը սիրում է այդ կառույցը: Եթե սիրում է, ուրեմն՝ ձեռք տալ չի կարելի»: