Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Խոսրոևա. «Ասորի պատանդներից յուրաքանչյուրի համար 100.000 դոլար են պահանջում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Asoriner-nkar

Մերձավոր արևելքում ասորիների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: «135 հոգի դեռևս պատանդ է մնում: Յուրաքանչյուրի համար 100.000 դոլար են պահանջում»,-այսօր հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԱՄՆ Չիկագոյի համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևան: Ըստ նրա՝ տարբերակված մոտեցում է դրսևորվում եզդիների և ասորիների հանդեպ. «Անցյալ տարի 100.000 մահմեդական վիզա է ստացել և մտել Միացյալ նահանգներ, իսկ քրիստոնյա ասորիներին չի թույլատրվում: Սիրիայի 35 գյուղեր, կարելի է ասել՝ ասորաթափվել են, Իրաքում էլ վիճակը նույնն է. ասորիներն ապրում են եկեղեցիներում, փախստականների ճամբարներում»,-շեշտեց նա: Չնայած այս իրավիճակին, ասորի գործիչն ընդգծում է, որ միջազգային հանրության կողմից պատշաճ ուշադրություն չի դարձվում այս խնդրին. «Մարդիկ ստիպված գաղթի ուղին են բռնել, ասորիներին սպանում են, ահաբեկում, կողոպտում, կանանց՝ բռնաբարում: Իսկ խոշոր տերություններն իրենց շահերից ելնելով կուլ են տալիս այն ցեղասպանությունը, որ տեղի է ունենում քթներիս տակ: Եվրոպական պետությունները հասկացել են, որ սա մի քաղաքականություն է, որով քրիստոնյաներին ոչնչացնում են: Սակայն որևէ ռեալ քայլ չի կիրառվում: ԱՄՆ-ն մինչև այժմ չի ճանաչում քրիստոնյա ասորիների այս ողբերգությունը որպես ցեղասպանություն: Ես չգիտեմ՝ ի՞նչ տարբերություն է դնում, որ եզդիների հանդեպ կատարվածը ճանաչում է որպես ցեղասպանություն, իսկ քրիստոնյաներինը՝ չի ճանաչում»: Հայաստանի «Աթուռ» ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովն իր հերթին անհանգստություն է հայտնում՝ ստեղծված վիճակի կապակցությամբ, շեշտելով. «Այն ինքնապաշտպանական ջոկատները և ասորական, և քրդական, որ գործում են իրենց պատմական տարածքներում, դրդողները շատ են և իրենց միջև բախումներ են լինում: Կոչ ենք անում մեր քուրդ ժողովրդին և ինքնապաշտպանական ասորական ջոկատներին միասնական գործել ընդհանուր թշնամու դեմ, ոչ թե վիճել»: