Վրաստանից 50 հոգի մեկնել է Սիրիա՝ ԻՊ-ի հետ համագործակցելու (տեսանյութ)
«Ռուբլու արժեզրկումն ազդում է ջավախահայության կյանքի վրա». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով վրացահայերի կյանքի եւ նրանց վրա տարածաշրջանի փոփոխությունների ազդեցության մասին՝ ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը: «Վրաստանում սոցիալական վիճակը գնալով վատանում է, քանի որ լարին շարունակվում է արժեզրկվել: Եթե վերցնենք առանձին Ջավախքը, ապա այնտեղ ընտանիքների մեծ մասը ֆինանսական ներհոսք ունի ՌԴ-ից»: Վրացագետը նշեց, որ Վրաստանի հատուկ ծառայությունները ֆիքսել են առնվազն հիսուն հոգու, ովքեր մեկնել են Սիրիա եւ այնտեղ համագործակցում են ԻՊ-ի հետ: «Վրաստանում նույնիսկ օրենսդրական փոփոխոխություններ են նախաձեռնել, ըստ որի՝ ԻՊ-ի հետ համագործակցությունը որակվում է որպես հանցանք»,-ասաց նա: Ջոնի Մելիքյանն անդրադարձավ նաեւ վերջերս հայ մի շարք գործիչների՝ Վրաստան մուտք գործել թույլ չտալու փաստին՝ նշելով, որ դեռեւս նախկին իշխանություններից մնացած խնդիրներ կան. «Կան անձինք, որոնք ժամանակի ընթացքում հակավրացական հայտարարություններ են արել եւ պերսոնա նոն գրատա հայտարարվել Վրաստանում: Իմ կարծիքով՝ դիվանագիտական շփումների ընթացքում պետք է այդպիսի հարցերը լուծվեն: Այն հակավրացական հայտարարությունները, որոնք արվում են Երեւանում, օգտագործվում են որոշ ուժերի կողմից, իսկ նախկինում դրանք ընդհանրապես շատ ուժեղ կիրառվում էին մեր համայնքի դեմ»: