Քաղաքագետն առաջարկում է զինվորի կյանքի ապահովագրություն կիրառել (տեսանյութ)
Մեկ ազգ, երկու պետություն սկզբունքն Ադրբեջանի համար մնում է արդիական: Քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով՝ սա և մի շարք այլ հանգամանքներ նպաստել են, որ այդ երկիրը հայտնվի ծանր վիճակում: «Տնտեսական խնդիրներ կան, Միացյալ նահանգների հետ հարաբերությունները լարված են, ադրբեջանաբնակ լեզգիները բողոքում են, որ իրենց գյուղերում ոչինչ չի արվում, իսկ թյուրքաբնակ գյուղերում ճանապարհ են նորոգում, դպրոց են կառուցում: Եվ այսպիսով, ստացվում է՝ Ադրբեջանն ունի աշխարհաքաղաքական, տնտեսական ծանր վիճակ, ներքին լարվածություն ազգային փոքրամասնությունների հետ»,-շեշտեց նա: Արդյո՞ք այդ երկիրը կտրուկ քայլերի կգնա մեր երկրի հետ հակամարտության առումով. «Չեմ կարծում, որ Ալիևը կգնա ճակատային պատերազմի, քանի որ մեծ վտանգներ կան իր համար: Լարվածությունը կշարունակվի, կշարունակենք զոհեր ունենալ սահմանին, բայց մեծածավալ պատերազմ չեմ կանխատեսում»,-նշեց պարոն Պապյանը: Նա վստահ է, որ մի օր տրոհված Թուրքիա ու թուլացած Ադրբեջան ենք տեսնելու, սակայն Հայաստանին մինչ այդ պետք է դիմանալ: Ներկայումս, ըստ քաղաքագետի՝ մեր պաշտպանական համակարգում պետք է վերանայումներ արվեն. «Երկրի պաշտպանությանն ուղղված բյուջեում պետք է վերահաշվարկ կատարել. Սահմանները պետք է տեխնիկապես վերազինել: Չեմ ասում՝ դրանով լիովին կբացառենք զոհերը սահմանին, բայց լավ ազդանշանային համակարգն օրինակ կարող է էականորեն նվազեցնել դա: Նայեք՝ մեր բյուջեի մեջ որքան մսխումներ կան. Պաշտպանության նախարարությունում ինչքան վարչության պետեր կան, անպայման գեներալ պետք է լինեն: Ո՞վ ասաց, որ այդպես պետք է լինի»: Քաղաքագետն առաջարկում է նաև մեկ այլ համակարգ ներդնել, որը վաղուց ընդունված է աշխարհի շատ երկրներում: «Զինվորի կյանքի ապահովագրում կա, որը կազմում է նվազագույնը 10.000 դոլար: Իհարկե, դրանով չես փոխարինի զինվորի կյանքը, բայց շատ ընտանիքներ ընչազուրկ են, և այդ առումով դա շատ կարևոր է»,-շեշտեց պարոն Պապյանը: