Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբ վերանայում եմ Բաղրամյանի իրադարձությունները, բռունցքներով հարվածում եմ գլխիս»

Հարցազրույց Հասարակություն
helena1

«Ա1+»-ն իր հատուկ շարքում շարունակում է ներկայացնել քաղաքացիական հասարակության ակտիվ կանանց: Այս անգամ խորագրում հյուրընկալել ենք Հելենա Մելքոնյանին: Մասնագիտությամբ կինոռեժիսոր Հելենայի հետ խոսեցինք իր պայքարի, ունեցած հաղթանակների ու պարտությունների մասին: Հիշելով Մարտի 1-ի դեպքերն ու Աֆրիկյանների շենքի պահպանմանն համար տարվող պայքարը, որն այդպես էլ արդյունք չտվեց, Հելենան չկարողացավ զսպել իր արցունքները: Հելենա, հիշու՞մ ես՝ երբ եւ ինչու որոշեցիր միանալ փողոցային պայքարին: 2005-2006 թվականներն էին, Բուզանդի եւ Արամի փողոցների շինություններն էին քանդում, եւ այնպես ստացվեց, որ փողոցում պատահաբար հանդիպեցի մարդկանց, ովքեր պայքարում էին դրա դեմ: Այն ժամանակ ամեն բան ուրիշ էր: Ինֆորմացիայի պակաս կար, ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում: Հետո, երբ առաջին անգամ արշավի գնացի Թեղուտ, միացա նաեւ Թեղուտի պայքարին: 6 2008 թվականի ընտրություններից հետո ես եւ իմ ընկերները, որպես կինոռեժիսորներ, նկարահանումներ էինք իրականացնում Ազատության հրապարակում: Ես սկզբում չէի հասկանում՝ ինչպե՞ս կարող է Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնալ, ինչպե՞ս կարող են մարդիկ նման բանի համար պայքարել, մինչեւ որ ինձ համար պարզ դարձավ, որ այդ մարդիկ պարզապես արդարություն ու լավ կյանք էին ուզում, եւ որ շարժումն անհատականացված չէր: Հիշում եմ մարտի 1-ի առավոտը: Գնում էի Ազատության հրապարակ՝ հերթական նկարահանումն անելու, բայց Մաշտոցի պողոտայում ինձ կանգնացրեցին, չէին թույլ տալիս առաջ գնալ, ես էլ ստեցի, ասացի, որ մարզից եմ եկել, Կոնսերվատորիայի ուսանող եմ ու պիտի գնամ դասի: Այդպես ինձ թույլ տվեցին անցնել: Հիշում եմ՝ մայթերի վրա արյուն էր, վախենալով քայլում էի, ու ամեն քայլի հետ ոտքերս ավելի էին ծանրանում: Հետո, երբ հասա հրապարակ, տեսա, թե ինչպես են մարդկանց մահակներով ծեծում: Մարտի 1-ից հետո սկսեցի չսիրել գարունը: Բայց ինձ վրա ամենից շատ ազդել էր այն, որ երբ երկու օր հետո ես եւ ընկերուհիս գնացինք Կարմիր խաչ, որպեսզի օգնություն ցուցաբերենք մարտի 1-ին տուժած անձանց, մեզ ասացին՝ ոչ մի տուժած էլ չկա, գնացեք տուն: Բայց ես իմ աչքով տեսել էի, թե ինչքան տուժած կար, ինձ ոչ ոք չի կարող խաբել: Եվ այն պաշտոնական թիվը, թե տասը մարդ է զոհվել, չեմ կարծում, թե համապատասխանում է իրականությանը: Դու ակտիվ էիր նաեւ Աֆրիկյանների շենքի պահպանման համար մղվող պայքարում, որը, ցավոք, արդյունք չտվեց: Ի՞նչ ապրումներ ունեցար այդ ժամանակ: Չեմ կարող էլ ոչ մի բան փոխել: Հիմա այդ շենքի քարերը շինարարական աղբի գերեզմանոցում են, բայց ես գիտեմ մի բան, որ քո պատմությունը, հիշողությունները չես կարող տեղափոխել (արտասվում է-խմբ.): Ես չէի կարող ձեռքներս ծալած նստել, մինչեւ կյանքիս վերջ չէի ների ինձ: Ինչ կարողացել՝ արել եմ: Ինձ ծեծել են, խոշտանգել: Մինչեւ հիմա իմ երիկամները ցավում են: 5 Ես, ամեն դեպքում, սիրում եմ էս քաղաքը, բայց այն ասես սողացող քաղաք լինի, անընդհատ ժամանակի հետ ինչ-որ նոր կերպար է ստանում: Արդեն շինություններ էլ չեն մնացել, մի տեսակ մարդու քաղաք է Երեւանն ինձ համար: Գուցե 70 կամ 100 տարի հետո ինձ պես մի ջահել կանգնի ու ասի՝ Հյուսիսային պողոտան մի’ քանդեք, եթե, իհարկե, այն կանգուն մնա այդքան, ինչին ես խիստ կասկածում եմ, որովհետեւ բնությունը միշտ վրեժխնդիր է լինում այն ամենի համար, ինչը մենք չենք կարողացել մարդկային մեթոդներով պահպանել: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայում թեեւ ավելի շատ մարդ էր ներգրավված, բայց այն նույնպես, կարելի է ասել, անարդյունավետ եղավ: Ի՞նչ դասեր քաղեցիր քեզ համար: Երեւի ավելի լավ է, երբ դու երիտասարդ ես ու շատ բան չես հասկանում, քան երբ հասկանում ես, թե ամեն ինչ ինչպես է լինելու եւ ինչ սցենարով է ընթանալու: Ի սկզբանե ես հասկանում էի, որ Բաղրամյան պողոտայի ակցիաները իշխանությունները պարզապես թույլ էին տալիս, բայց երբ ելք չունես, ամեն մի բանից ուզում ես կառչել, հավատալ, որ ինչ-որ բան կփոխվի: Շատ ազդեցիկ մի տեսարան եմ հիշում: Երբ նստած էինք, ու ջրցանը պիտի կիրառվեր, կողքս մի երիտասարդ էր նստած, որը նորեկ էր հավանաբար: Ամբողջ մարմնով վախից դողում էր ու ինքն իրեն ասում՝ դուխով, դուխով: Մեկ էլ մի պահ զգացի, որ բոլորս երգչախմբի նման սկսեցինք գոռալ՝ դուխով, դուխով, դուխով: Իսկապես շատ ազդեցիկ պահ էր: 2 Հետո, երբ սկսվեց այդ քեֆ-ուրախությունը, ինձ մոտ կասկածներ առաջացան: Բաղրամյան պողոտան նման էր տոնավաճառի: Իհարկե կային երիտասարդներ, որոնք ի սրտե էին եկել, ամենայն անկեղծությամբ, ու ջահելությունը միշիկական վիճակներից զատ, դուրս եկավ, որ մաքուր էր, լավը, եւ տա Աստված, որ նրանք իսկապես լավ ու մաքուր բաների մասնակցեն։ Բայց այն, ինչ հետո տեղի ունեցավ, ինձ համար անակնկալ չէր, պարզապես այն ժամանակ մտածում էի՝ մեկ էլ տեսար: Կար վերցված տարածք, ու կարեւոր չէ, թե ում մատն էր խառը դրա մեջ: Իսկ հիմա, երբ վերանայում եմ Բաղրամյանի իրադարձությունները, բռունցքներով հարվածում եմ գլխիս, թե ինչ հիմարն եմ եղել: Բացի բողոքի ակցիաներից, դու ակտիվ ես նաեւ բարեգործական միջոցառումներում: Համացանցում շատ քննարկվեց հատկապես սահմանամերձ Այգեպար գյուղում պաշտպանիչ պատի կառուցմանն ուղղված դրամահավաքը: Կպատմե՞ս այդ մասին: Ժամանակին, երբ ոչ ոք չէր խոսում սահմանային լարվածության մասին, ես միշտ գնում Էի սահմանամերձ գյուղեր ու տեսնում էի, թե ինչ իրավիճակ է այնտեղ: Հիմա, փառք Աստծո, բավականին ուշադրություն կա: Բայց մի քանի տարի առաջ ես հասկացա, որ այդ մարդկանց պետք է օգնել, պետք է դիմել կոնկրետ գործողությունների: Այդպես առաջացավ Այգեպարում պաշտպանիչ պատ կառուցելու գաղափարը, որի համար դրամահավաք կազմակերպեցինք: Հավաքվեց 16 հազար ԱՄՆ դոլար, որով էլ կառուցեցինք պատը:   Ի՞նչ խորհուրդ կտաս այն երիտասարդներին, ովքեր նոր են պատրաստվում իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Պետք չէ ընկճվել, վախենալ, տրվել լրատվամիջոցների մանիպուլյացիաներին, տարբեր մարդկանց վերբովկաներին, այլ լինել արդար ձեր խղճի եւ օրենսգրքի առջեւ: Մենք պետք է գիտակցենք, որ մենք ունենք լավ ապրելու ու մեր խնդիրը բարձրաձայնելու իրավունք: Ոչ ոք մեզ խոսք չի տվել, որ մեր փոխարեն ինչ-որ մեկը կգա ու կփոխի ինչ-որ բան: Մինչեւ մենք մեր հետույքները բազմոցներից չկտրենք եւ ճիշտ ժամանակին դուրս չգանք փողոց, ոչինչ չի փոխվելու: 4 Զրուցեց Շուշան Շատիկյանը