Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարեւոր չի՝ մատնե՞րը կթանաքոտեն, քթնե՞րը, թե՞ ճակատներին խալ կդնեն»

Քաղաքականություն
elections20

Մենք՝ որպես պետություն, 25 տարեկան ենք, եւ դա բավական լուրջ տարիք է և դժվար է փոխհամաձայնությունը. այսօր «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում ասաց ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին ու հեռանկարներին: Ըստ նրա՝ կարեւորը վստահության մթնոլորտի ձեւավորումն է, հատկապես ընտրական պրոցեսների նկատմամբ. «Իսկ թե հետագայում մատները կթանաքոտեն, քթները կթանաքոտեն, ճակատներին խալ կդնեն, դա արդեն կարեւոր չի լինի»: Քննարկման մասնակից «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գրիգորի Դոխոյանն իր հերթին նշեց, որ, ուսումնասիրելով ընդդիմության ձախողումները, հասկացել են, որ ընդդիմությունն ուզում է ամեն ինչ եւ միանգամից, սակայն ստանում է դանդաղ ու գրեթե ոչինչ. «Մենք փորձելու ենք մտնել իշխանության հետ պայքարի մեջ ՏԻՄ ընտրություններին: Այս տարի Վանաձորում, Գյումրիում ՏԻՄ ընտրություններ են, ու մենք ճակատամարտ ենք տալու իշխանությունների հետ, փորձելու ենք հաղթել, դա է մեր տարբերությունը մյուս ընդդիմությունից: Մեր պատգամավոր Էդմոն Մարուքյանը հաղթեց ԱԺ ընտրություններին, քանի որ երկու-երեք վստահված անձ է ունեցել ընտրատեղամասերում ու, նրանք, իրար փոխարինելով, կարողացել են հաղթած դուրս գալ ընտրատեղամասից»: Ըստ նրա՝ առայժմ իշխանությունների հետ «Լուսավոր Հայաստան»-ը համագործակցություն չունի, մասնավորապես ԸՕ քննարկումների շուրջ. «Մենք առաջարկում ենք հինգ մոտեցում, որոնց միջոցով կարող են նոր որակի ընտրություն կազմակերպել, եւ այդ մոդելը կիրառվել է Ղըրղզստանում: Առաջին հերթին բիոմետրիկ քարտեր պետք է տրվեին բոլոր ՀՀ քաղաքացիներին, հետո՝ մտնելով ընտրատեղամաս՝ պետք է լինեն տեխնիկական միջոցներ, որ մատնահետքի միջոցով նույնականացվի անձը, որ վստահված անձինք տեսնեն՝ ով է եկել ընտրատեղամաս: Իսկ մատնահետքը, որ դրվում է, միանգամից կտրոն տպվի: Էլեկտրոնային տուփեր պետք է լինեն՝ հասկանալու համար, թե քանի մարդ է արդեն քվեարկել, որն արդեն տակից հաշվում է ձայները: Այդ տուփերը միացված կլինեն նաեւ ԿԸՀ ընդհանուր սերվերին»: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը եւս նշեց, որ մինչ օրս, ցավոք, քաղաքական ուժերն անտեսել են ՏԻՄ ընտրությունները. «Ընդդիմության ռադիկալ մասի քայլերը քաղաքական պայքար չեմ համարում, ու դա լուրջ չէ, դա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում: Մենք իշխանությանը մեղադրում ենք շատ բաների մեջ, սակայն հենց այդ հարցերին հետամուտ չենք լինում: Եթե տասը հազար մարդ է հավաքում հրապարակում, իրենց համարում են լեգիտիմ, մինչդեռ այդ ուժը պետք է ընտրություններով ստանար մանդատ ու գնար առաջ»: Ըստ նրա՝ ընտրությունների նորմալ անցկացման համար յուրաքանչյուր ընտրատեղամաս տվյալ քաղաքական ուժը պետք է գա առնվազն երեք վստահված անձով. «Մենք պետք է մեկ այլ իրողություն ունենանք, որ մինչ օրս չենք ունեցել: Այդ վստահված անձինք պետք է ամեն մեկը մյուսին վերահսկի: Լավ վստահված անձինք ունենալու համար հիմա հավաքագրում ենք մարդկանց, անցկացնում դասընթացներ»: Ինչ վերաբերում է նոր ԸՕ շուրջ իշխանությունների հետ հնարավոր քննարկումներին, ապա Ալեն Սիմոնյանը նկատեց՝ գայլի գլխին Ավետարան կարդալն անիմաստ է: