Վերելակները փորձաքննություն չեն անցնում, բայց շահագործվում են (տեսանյութ)
Երեւանի բնակելի շենքերում տեղադրված 5469 վերելակներից 3864-ը նախորդ տարի փորձաքննության է ենթարկվել: Այս մասին այսօր հայտարարեց ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը: Նա մանրամասն ներկայացրեց վարչական շրջաններում անցկացված վերելակների փորձաքննությունների արդյունքները՝ հավելելով, որ շատ հաճախ բացասական եզրակացությունները անտեսվում են շահագործողի կողմից: «Քանի որ վերելակը համարվում է համատիրության սեփականությունը, հենց իրենք են տնօրինողը,նրանք չեն կարող շատ բնակիչների կամքին դեմ գնալ, որովհետեւ բարձրահարկ շենքերում տարեց, հիվանդ մարդիկ կան: Բնակիչները չեն ցանկանում աստիճաններից օգտվել եւ շատ դեպքերում վերելակի բացասական եզրակացությունը ուղղակի անտեսվում է շահագործողի կողմից »,- նշեց Լուսինե Հովհաննիսյանը: Իսկ ինչո՞ւ բոլոր վերելակները չեն ենթարկվում փորձաքննության. հարցին ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետը մանրամասնում է՝ փորձաքննությունը իրականացվում է շահագործողի կողմից ներկայացված դիմումի եւ կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի համաձայն: Փորձաքննությունն էլ վճարովի է, բնակելի շենքերում տեղադրված մեկ վերելակի փորձաքննության գինը կազմում է 2530 դրամ: Ի դեպ, 2015թ. վերելակների շահագործման ժամանակ տեղի է ունեցել մեկ արտադրական դեպք, որն ավարտվել է մահվան ելքով: Խոսքը 2015թ. մարտի 21-ին Բաշինջաղյան 2-րդ նրբանցք 1 հասցեում տեղի ունեցած դեպքի մասին է: Վերելակը տեխնիկական անվտանգության փորձաքննության չէր ենթարկվել: Նախորդ տարի արտադրական այլ պատահարներ եւ դժբախտ դեպքեր տեղի չեն ունեցել: