Սոս Գիմիշյանը չի բացառում, որ իրեն էլ կարող են ձերբակալել
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը դեռևս չի շտապում գնահատական տալ վերջին օրերին տարբեր գործիչների ձերբակալություններին, որոնք կասկածվում են նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում հայտնաբերված հանցավոր խմբին անդամակցելու մեջ: Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը: «Ա1+»-ի հետ զրույցում, նա, այնուամենայնիվ, նշեց. «Մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ ոչինչ չի բացառվում: Կարող է էլի ձերբակալություններ լինեն: Բայց այն, ինչ եղել է, արդեն չափազանց է»: Հարցին, թե արդյո՞ք պարոն Գիմիշյանն ինքը կարող է ձերբակալվողների թվում լինել, գործիչը նշեց. «Ես այնպես չեմ ապրել իմ կյանքը, որ մտավախություն ունենամ: Բայց ոչինչ չեմ բացառում»: Նշենք նաև, որ քիչ ուշ տեղի է ունենալու «Հայաստանի ժողովրդական նախաձեռնության» հերթական նիստը, որի ընթացքում քննարկվելու է նաև վերոնշյալ ձերբակալությունների հարցը: Անդամներից մեկը Սոս Գիմիշյանն է, ով վստահեցրեց, որ նիստից հետո հանդես կգան հայտարարությամբ: