«Սերժ Սարգսյանը սկսել է կալանավորել». Նոր անվտանգության համակարգ՝ երկրում (տեսանյութ)
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն անհիմն է համարում այսօր տեղի ունեցած «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի և ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի ձերբակալությունները: Հիշեցնենք, որ այս երկու անձանց կասկածում են Արթուր Վարդանյանի զինված հանցախմբին անդամակցելու մեջ: Պարոն Մանուչարյանը շատ լավ է ճանաչում ձերբակալվածներին. «Գառնիկը միշտ պայքարել է անարդարությունների դեմ, իսկ Վլադիմիրն արցախյան պատերազմի մասնակից է»,-ասաց նա: «Ղարաբաղ» կոմիտեի անդամը վստահ է, որ հանցավոր խմբի հայտնաբերումն ու իրար հաջորդող ձերբակալությունները կատարվում են արտաքին ուժի թելադրանքով: «Մի ուժ՝ ներքինի հետ միասին, երկիրը նախապատրաստում են դատարկման: ԱԱԾ-ին ցուցում է տրվել, որ այսպես վարվի: Արտահոսքերից պարզ է, թե ինչ ուղղությամբ են տանում: Դեսպաններից փորձեք պարզել, թե էլ ովքե՞ր կան ցուցակում, որ պետք է ձերբակալվեն, ո՞ւմ տները պետք է ստուգվեն»: Պարոն Մանուչարյանը վստահ է նաև, որ ամեն ինչ արվում է իշխանությունների գիտությամբ ու ձեռքով. «Եթե Սերժ Սարգսյանը Հայաստանի կառավարիչն է, նա կարող է այդ բոլոր մարդկանց, ում հետ պատերազմին մասնակցել է, եթե խնդիր ունի նրանց հետ, կարող է ներում շնորհել: Ժողովրդի մեջ արտանետել են մի խումբ, որը փորձում է սադրանք մտցնել: Իշխանությունը կրկնակի հանցագործություն է կատարում: Իշխանությունն ինքը տեռորիստական խումբ է. մարտի 1-ին գնդակահարել է ժողովրդին: Բայց մարտի 1-ով ոչ ոք կալանավորված չէ, և ոչ միայն կալանավորված չեն, այլ խրախուսված են»: Արցախյան պատերազմի մասնակիցը նաև համեմատական անցկացրեց տարիներ առաջ եղած նմանատիպ իրավիճակի հետ. «Վազգեն Սարգսյանը ժամանակին, երբ նման մի խմբի մասին էր տեղեկացվել, ամեն ինչ արեց, որ այդ իրավիճակն անցնցում անցնի: Իսկ հիմա, մենք դեռ չգիտենք՝ ինչ է եղել, բայց Սերժ Սարգսյանը սկսել է կալանավորել»: Պարոն Մանուչարյանն այսօրվանից սկսած խորհրդակցություններ է անցկացնելու թե ազատամարտիկների, թե այլ գործիչների հետ: «Մենք ձևավորելու ենք երկրի անվտանգության, պաշտպանության համակարգեր՝ ամբողջ հայության համար»,-շեշտեց նա: