Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատ-2» - «Ուլիս-2» խաղի հետ կապված քրեական գործ է հարուցվել (տեսանյութ)

Սպորտ
Untitled1

2015 թվականի նոյեմբերի 30-ին Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում կայացած Հայաստանի 1-ին խմբի առաջնության «Արարատ-2» - «Ուլիս-2» խաղի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այսօր այդ մասին ասաց «Ուլիս» (Երեւան) ակումբի գլխավոր մարզիչ՝ կալանավորված Գագիկ Սիմոնյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: «Այդ քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված իմ պաշտպանյալին՝ Գագիկ Ռոստոմի Սիմոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Պաշտոնապես հայտարարում եմ, որ նա չի ընդունում իր մեղավորությունը: Գագիկ Սիմոնյանը հայտարարել է, որ ինքը ոչ մի խաղադրույք չի կատարել, ոչ մեկի հետ չի համագործակցել, որեւէ անձի նման ցուցում չի տվել: Այժմ գնում է նախաքննություն: Ես հակված եմ այն բանին, որ այն օբյեկտիվ կընթանա եւ մենք կստանանք հասարակությանը հուզող շատ հարցերի պատասխանները» - տեղեկացրեց Լեւոն Բաղդասարյանը: Սակայն ասուլիս ընթացքը ցույց տվեց, որ փաստաբանը դեռեւս լավ չի ծանոթ գործի մանրամասներին: «Ա1+»-ի թղթակցի այն հարցին, թե երբ եւ ինչպես է ձերբակալվել մարզիչը, նա պատասխանեց. «Գագիկ Սիմոնյանը ձերբակալվել է նախորդ տարվա դեկտեմբերի վերջին, իսկ թե որտեղ, ինչ պայմաններում, այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում: Դա եղել է օրենքով սահմանված կարգով, այնպես չէ, որ ապօրինություն է կատարել պետական լիազորը, ուղակի  օգտվելով իր իրավունքից, ձեռք բերված որոշակի շրջանակում, մարդիկ կատարել են այդ գործողությունները եւ խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ երկու ամսով»: Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը տարածել էր հայտարարություն, ըստ որի իրականացված օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է արհեստավարժ մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից կաշառք ստանալու դեպք եւ որ ձերբակալվել են «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ադմինիստրատոր Արա Ազարյանը, մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը եւ ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը: