«Քաղաքապետը ցույց տվեց, որ ինքն անկախ մարմին է և հաշվետու չէ» (տեսանյութ)
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Աննա Ասատրյանն այսօր ամփոփելով անցած տարվա աշխատանքը` վստահեցրեց, թե իրենք ջանք չեն խնայել: «Մենք աշխատել ենք ուժերի գերագույն լարումով: Ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ բնակիչների հետ»,-շեշտեց նա: «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հակադարձեց. «Լավ կլիներ, որ տիկին Ասատրյանն ասեր՝ ջանք թափել են, բայց խնդիրներ կան էլի»: Ինքն իր հերթին ներկայացնելով իրենց խմբակցության գործունեությունը` շեշտեց. «Խնդիրներ Երևանում, իհարկե, շատ կան: Բայց մի օրինակ կբերեմ. Աջափնյակում մի շենք կա, որն այդպես էլ Երևանի հաշվեկշռում չեն ուզում ընդգրկել: Իսկ այնտեղ սարսափելի վիճակ է»: Խոսելով ձեռքբերումների մասին` տիկին Բախշյանը նշեց. «Մեր խմբակցությանը հաջողվեց լուծել այն խնդիրը, որ ավագանու նիստերն առցանց հեռարձակվեն: Սակայն հիմա խնդիրն այն է, որ այդ տեսանյութերը հետո չենք կարողանում տեսնել, միայն այդ պահին ուղիղ եթեր է հեռարձակվում, չկան նաև ամբողջական սղագրությունները»: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Ջիվան Պողոսյանն էլ հայտնեց, որ իրենք քաղաքացիների հետ 108 հանդիպում են ունեցել: Անդրադառնալով այն հարցին, որ տարեկան միայն 20 մլն դրամ տրամադրվում է զբոսաշրջության զարգացմանը, նա ասաց. «Իմ կարծիքով, քիչ են այդ գումարները: Մենք առաջարկել ենք տուրիզմի հետ կապված հասարակական զուգարանների հարցը լուծվի: Դա շատ անհրաժեշտ է, որպեսզի ոչ միայն զբոսաշրջիկներն, այլև տեղի բնակիչները կարողանան օգտվել»: Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանն իր խոսքում վստահեցրեց. «Ավագանու անդամներն ունեն բոլոր պայմաններն՝ իրենց գործունեությունը ծավալելու և խնդիրներ մասին բարձրաձայնելու»: «Մենք միշտ ունեցել ենք մարզպետի կարգավիճակ ունեցող քաղաքապետ, որը երբևէ իր որոշումների կայացման գործընթացը չի բաշխել մյուս մարմինների միջև և այդ մշակույթով շարունակում ենք: Ես մի փոքր հետընթաց կգրանցեի ավագանի-քաղաքապետ հարաբերություններում: Օրինակ վերջին զարգացումները, երբ քաղաքապետն իր մոտ կանչեց վարչական շրջանների ղեկավարներին և խիստ նկատողություն տվեց նրա համար, որ չեն կանգնել և հետևել, որ Նոր տարվա օրերին ձյունը մաքրվի: Ես կուզեի, որ նույն ձևով ինքը գար, հաշվետվություն ներկայացներ ավագանուն, թե ինչո՞ւ ինքը չի կանգնել, որ վարչական շրջանների ղեկավարներն էլ դա անեին: Ինքը պոստ ֆակտում եկել, ասել է՝ լավ չեք աշխատում, բայց ինքը չի եկել, ավագանուն ասել՝ կներեք, ես լավ չեմ աշխատել»,-նման կարծիք հայտնեց Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարման ծրագրի համակարգող, Համայնքների ֆինանսիստների միավորման խորհրդի անդամ Աբրահամ Արտաշեսյանը: Ըստ նրա՝ քաղաքապետն այդ քայլով ցույց տվեց, որ ինքն անկախ մարմին է և հաշվետու չէ: