Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանը անազատության մեջ է պահում 10 ԱՄՆ զինվորականի

Քաղաքականություն
C266045A-07A7-497F-8808-34206502EAEF_w640_r1_s

Միացյալ Նահանգների երկու փոքր ռազմանավի անձնակազմ Իրանում անազատության մեջ է ընկել, «Ամերիկայի Ձայն»-ին է հայտնել ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյա: Միեւնույն ժամանակ, Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Թեհրանը երաշխավորել է ամերիկյան կողմին, որ ռազմանավերն ու դրանց անձնակազմը անհապաղ  կվերադարձվեն:

Պաշտոնյայի խոսքով, երկու ռազմանավերի վրա գտնվել է ընդհանուր առմամբ 10 նավաստի՝ ինը տղամարդ եւ մեկ կին: Ռազմանավերն ընթանում էին Պարսից ծոցում, Քուվեյթի եւ Բահրեյնի միջեւ, երբ ամերիկյան կողմը կորցրեց նրանց հետ կապը:

«Հնարավոր է՝ նավերից մեկը մեխանիկական վթարի էր ենթարկվել, սակայն, այս պահին դա դեռ պարզ չէ: Ենթադրում եմ, որ նրանց կալանավորել են, երբ նրանք իրանական տարածքում էին գտնվում», - ավելացրել է Պենտագոնի պաշտոնյան «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում:

Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ կեսօրին՝ միջադեպից քիչ անց, պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց է ունեցել իր իրանացի գործընկեր Մոհամեդ Ջավադ Զարիֆի հետ:

Պենտագոնի հաղորդմամբ՝ Իրանը տրամադրել է նավաստիների անվտանգության երաշխիքներ եւ խոստացել "անհապաղ կերպով թույլ տալ նրանց շարունակել ճամփորդությունը":

Միեւնույն ժամանակ, «Ամերիկայի Ձայնի» պարսկական ծառայության հաղորդմամբ, Իրանական Ֆարս նորությունների գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ-ի նավաստիները «ձերբակալվել են»:

ԱՄՆ-ի պաշտոնյաների խոսքով, միջադեպը տեղի էր ունեցել Պարսից ծոցում՝ Ֆարսի կղզու մոտ:

Ֆարսի կղզում տեղակայվում է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային բազան, ինչը ամերիկյան նավաստիների կալանքի պատճառ կարող էր հանդիսանար, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Մեթյու Քրոնիգը:

«Երկրների մեծ մասը նույն կերպ կվարվեին, եթե նրանց ռազմածովային բազային մոտենային օտար նավաստիներ», - նշել է Քրոնիգը:

Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել ընդամենը օրեր անց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները մեղադրեց Իրանին ԱՄՆ-ի ռազմանավերի կողքին "չափազանց սադրիչ" հրթիռային փորձարկումներ անցկացնելու մեջ:

Միջադեպի մասին լուրը տարածվել է նախագահ Օբամայի վերջին տարեկան ուղերձից ընդամենը ժամեր առաջ: Ուղերձում Բարաք Օբաման նախատեսում է անդրադառնալ նաեւ Իրանի հետ միջուկային ծրագրի դադարեցման շուրջ ձեռք բերված համաձայնությանը: Բարեհաջող իրագործման դեպքում, Իրանից հանվելու են որոշ պատժամիջոցներ: