Կիրիլի արածը ռեվերանս է Թուրքիայի ուղղությամբ. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, իսլամական աշխարհում, չի եղել երբեւէ: Վերցնենք Թուրքիայի օրինակը, Օսմանյան կայսրության: Այո, կային քրիստոնյա փոքրամասնություններ, բայց նրանց ոչ ոք չի ոչնչացրել: Գոյություն ուներ կարգապահ շփում կրոնական համայքների միջեւ»,- օրերս Կիսելյովին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը: Պատրիարքի այս արտահայտություններն ալեկոծել են Հայաստանը: Զարուհի Փոստանջյանի կարծիքով, Համայն Ռուսիո պատրիարքը գերազանց գիտի, թե ինչ է տեղի ունեցել անցյալ դարասկզբին Օսմանյան Կայսրությունում՝ սա ուղղորդված եւ պատվիրված հարցազրույց է. «Օսմանյան Կայսրության վայրագ իրադարձությունները գնահատել որպես ցեղասպանություն, դա իր պարտականությունն է եւ ոչ թե քողարկելը»,- ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Այդպես էլ պետք է լիներ, վերջերս Մոսկվայում հսկայական մզկիթ են բացել, որին ներկա էր Թուրքիայի նախագահ Էրդողանը, հավելում է Փոստանջյանը. «Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը համընկնում է երբեմն»: Տիկին Փոստանջյանը չի կարող բացառել, որ Կիրիլի արածը ռեվերանս է Թուրքիայի ուղղությամբ ռուս-թուրքական լարված հարաբերությունների ֆոնին. «Պատասխան պետք է տրվի, իսկ պատասխանը պետք է տրվի արդեն հենց մեր կաթողիկոսի միջոցով»: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի Ֆեյսբուքյան էջում ոչ ոք անտարբեր չի մնացել Պատրիարք Կիրիլի այս հայտարարության տեսանյութի հանդեպ՝ Կիրիլը նրանց ցավոտ տեղի է դիպել. «Շատերը մեղադրում են հովվապետ Կիրիլին, պատրիարք Կիրիլին անկրթության, տեղեկացված չլինելու մեջ, դա իհարկե միամտություն է, Կիրիլը շատ լավ գիտի»,- ասում է Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Կինոռեժիսորի կարծիքով Կիրիլի խոսքերը մեզ մտածելու տեղիք պետք է տան՝ Ռուսաստանը ելքեր է փնտրում Թուրքիայի հետ կիսապատերազմական իրավիճակից դուրս գալու. «Կիրիլին տրված էր այդ ելք առաջացնելու առաքելությունը եւ նա դա կատարեց»: Պարոն Խզմալյանը գիտի, թե ինչն է նկատի ունեցել Կիրիլը՝ Ռուսաստանը հիմա գրեթե սրբազան պատերազմ է մղում իսլամական պետության դեմ: Բայց նրա ասածին պետք է հակադարձեն մեր աշխարհիկ եւ կրոնական իշխանությունները. «Սա ապտակ է, սա շատ ծանր հարված է, ինչպես ռուսներն էին սիրում ասել ռուսական կործանիչի առումով, սա հարված է մեջքից»: Մայր Աթոռն առայժմ ասելիք չունի: Պատրիարքի մամուլի քարտուղարը նկատում է, որ հայերի ցեղասպանության դեմ պատրիարքը ոչինչ չունի: