«Խոզի գրիպը ընդամենը պրովոկացիա է եղել, մահացածները բազմաթիվ հիվանդություններ ունեին» (տեսանյութ)
Հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա, նախարարությունը վստահեցնում է, թե պարզապես գրիպի սեզոնային ակտիվացում է. «Անցած տարի մարտին ունեցանք նորմայից 2,5 անգամ բարձրացում, բայց աժիոտաժ չեղավ, մեծ մասն էլ երեխաներ էին, հիմա մեր շեմը մեկ անգամ բարձր է եւ դա շատ քիչ է»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արտավազդ Վանյանը: Ըստ պաշտոնական տվյալների՝ Հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 855 դեպք, որոնցից 170 –ի մոտ հաստատվել է H1N1 տեսակի վիրուս՝ խոզի գրիպ։ 77 քաղաքացի այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Անցած տարվա վերջին եւ այս տարվա սկզբին H1N1 վիրուսից մահացել է 6 մարդ, որոնց մոտ ախտորոշվել էր խոզի գրիպ. «Այնպես չի, որ լիարժեք առողջ էին, գրիպով հիվանդացան ու մահացան, բազմաթիվ այլ հիվանդություններ են ունեցել, գրիպն ընդամենը պրովակացիա է եղել»,- վստահեցնում է առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը: Ըստ նրա՝ սուր շնչառական հիվանդություններով հիվանդանոց դիմողները չպետք է վճարեն որևէ բուժծառայության համար: Տամիֆլյու տեսակի դեղը նույնպես անվճար է նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը, իսկ դեղատներից ձեռք բերել դեղն ու պրոֆիլակտիկ օգտագործել, խորհուրդ չի տրվում: Մասնագետները հորդորում են ինքնաբուժությամբ չզբաղվել և առաջին իսկ ախտանիշների դեպքում դիմել պոլիկլինիկա։