Մեր պատասխանն Ադրբեջանին «ամոթալի է». քաղաքագիտության դոկտոր (տեսանյութ)
«Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերություններում էսկալացիան կշարունակվի»,-վստահ է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը: Իրանի հետ Սաուդյան Արաբիան մրցակցության խնդիր ունի: «Ըստ հավաստի լուրերի՝ Սաուդյան Արաբիայի թագավորը տառապում է թուլամտությամբ և կարելի է ասել՝ այդ երկիրը ղեկավարում է նրա որդին»: Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը. «Մեր երկիրը լուրջ խնդիր ունի իրեն այնպես պահելու, որ հանցակից չդառնա»,-ասաց քաղաքագիտության դոկտորը: Օրերս «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Բահրեյնի քաղաքացու դեպքի առթիվ պարոն Մարտիրոսյանը նշեց. «Եթե պարզվի, որ նա լրտես է, չպետք է արտահանձնենք նրան: Բայց այդ դեպքում պարտավոր ենք քաղաքական ապաստան տալ այդ մարդուն: Այդ դեպքում մենք որևէ օրենք խախտած չենք լինի»: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից մեր երկրում գտնվող իր ռազմաբազայում զենքի ավելացմանը, նա վստահ է, որ դա արվում է քաղաքական նպատակներով: «Ռուսաստանն ուժեղացնում է իր կոնտինգենտը Հայաստանում, ինչը ուժի ցուցադրում է Թուրքիային: Հարցին, թե ինչպիսի՞ զարգացում կարող են ունենալ ռուս-թուրքական ներկայիս չափազանց լարված հարաբերությունները, պարոն Մարտիրոսյանը նշեց. «Ռազմական կոնֆլիկտ դա չի դառնա, ես դա բացառում եմ: Բայց այն, որ կսրվի դա, վստահ եմ»: Քաղաքագիտության դոկտորը խոսեց նաև սահմանին տիրող վիճակի մասին: Հարցին, թե ինչպիսի՞ն է մեր պատասխանն Ադրբեջանին, նա արձագանքեց. «Ամոթալի: Անընդհատ հայտարարում ենք, ասում ենք, թե պատասխան ենք տալու, բայց ի՞նչ ենք անում: Պետք է համարժեք, մի բան էլ ավելի պատասխան տրվի: Մենք թույլ ենք տալիս, որ մեր դեմ ինչ ասես՝ անեն, իսկ հետո հայտարարենք, որ հայկական կողմը շատ զսպված է գործել: Իսրայելի պես պետք է մեկին տասը պատասխանենք»: Մեկ այլ դարավոր խնդիր ունենք Թուրքիայի հետ. «Թուրքիան վաղ թե ուշ կանգնելու է տրոհման առջև: Մեր խնդիրը պետք է քրդերի հետ լինի, բայց մենք չափազանց զգուշավոր քաղաքականություն ենք վարում: Դա նշանակում է, որ գրեթե վախկոտ ենք: Մենք պետք է նախաձեռնող լինենք, ոչ թե պատասխանողի դերում»,-շեշտեց քաղաքագիտության դոկտորը: