Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական գործընթացները՝ ոչ թե փողոցում, այլ ԱԺ շենքում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
minasyan

2015թ. եւս մեկ խաղաղության տարի էր Հայաստանի համար: Այս համոզմանն է ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը, որը, «Ա1+»-ի հետ զրույցում ամփոփելով 2015թ., նաեւ ավելացրեց. «Մենք գտնվում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում, մենք պետք է այնպես անենք, որ այդ խաղաղությունը լինի տեւական»: Նա մտահոգիչ համարեց այն, որ ադրբեջանական կողմը ակտիվացրեց սադրանքները. «Մենք միշտ ասում ենք, որ անհամարժեք պատասխան ենք տալիս, եւ դա իսկապես այդպես է, սակայն այն կորուստները, որ մենք կրում ենք, սփոփել հնարավոր չէ»: Պարոն Մինասյանը ՌԴ նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցները լրջագույն մարտահրավեր համարեց եւ կարծում է, որ այս պարագայում մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի մեր տնտեսությունը զերծ պահենք հնարավոր բացասական զարգացումներից դիվերսիֆիկացնենք մեր տնտեսությունը, գտնենք նոր շուկաներ եւ փորձենք իրացնել մեր արտադրանքը ՌԴ-ում՝ անկախ նրանից, թե ռուսական ռուբլին որքան կարժեզրկվի: Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ 2015թ. ամենամեծ ձեռքբերումը Սահմանադրական փոփոխություններն են, որոնք, նրա համոզմամբ, բացելու են նոր հեռանկարներ. «Առաջին հերթին դա վերաբերում է քաղաքական ոլորտին: Սա մի հնարավորություն է, որ մեզ զերծ պահի ցնցումների զարգացումից, թույլ կտա իրականացնել քաղաքական ուժերի ավելի մեծ համախմբում, նաեւ՝ ընդդիմության մասնակցություն քաղաքական գործընթացներին, որը, համոզված եմ, հնարավորություն կտա բոլոր գործընթացները կենտրոնացնել հենց ԱԺ շենքում, եւ առիթ չի տա, որ հասարակական կամ քաղաքական այս կամ այն ուժն իր խնդիրները փորձի լուծել փողոցում»: Բացի այդ, Գագիկ Մինասյանի խոսքերով, չափազանց կարեւոր է նաեւ Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը, որի քննարկումները կսկսվեն հենց 2016թ. փետրվարից եւ ԱԺ առաջին նստաշրջանում պետք է ավարտվեն: Ինչ վերաբերում է տնտեսական զարգացումներին, ապա պարոն Մինասյանն անդրադարձավ ադրբեջանական մանաթի արժեզրկմանը, որը լուրջ խնդիրներ է առաջացնում Ադրբեջանի ներքին կյանքում. «Սովորաբար, դիկտատուրական երկրների շարքին դասվող այդ պետությունը փորձում է խնդիրների լուծումը տեղափոխել արտաքին դաշտ, ստեղծել արտաքին թշնամու կերպար՝ դրանով նվազեցնելով ներքին լարումները: Այդ առումով համոզված եմ, որ ադրբեջանցիները սաստկացնելու են իրենց սանձարձակ պահվածքը սահմանների վրա, եւ դա մեզնից պահանջելու է լրացուցիչ ջանքեր, ներդրումներ, որ ապահովենք մեր զինվորների անվտանգ ծառայությունը, սահմանների անվտանգությունը»: