Հարկային մարմինները չեն նկատում արտոնյալներին (տեսանյութ)
Հայաստանի հարկատուների գերակշիռ մասը տնտեսության սպասարկման ոլորտը ներկայացնող ընկերություններն են: Ֆինանսների նախարարության՝ երկրի գլխավոր հարկատուների տասնյակում արտադրական ոլորտից կա ընդամենը 3 ընկերություն: «Լուրջ արտադրություն հիմնել, որն ուղղված է արտահանման, պահանջում է ժամանակակից տեխնոլոգիաներ, լավ հումք, լավ աշխատուժ, ճանապարհներ և արտադրանքի մրցունակություն, իսկ այս խնդիրների լուծումը միշտ չէ, որ լինում է»,- ասում է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: 2015 թվականին գլխավորների ցուցակի 524 ընկերություն միասին վերցրած պետական բյուջե է վճարել 383.3 մլրդ դրամ՝ 2014-ի 351.3 մլրդ դրամի դիմաց: Գագիկ Մակարյանին չի զարմացնում, որ Հայաստանի տնտեսության համար զգայուն մանրածախ առևտրի ոլորտի վճարած հարկերն ավելացել են 37 տոկոսով: «Հարկերի հավաքման տեսանկյունից կառավարությունը մեծ սիրով և ախորժակով ուղղված է հարկերը հավաքելուն, որպեսզի կարողանա իր բյուջեն ապահովել: Նա չի տարանջատում՝ դա առևտրի ոլորտից չանի, մյուս ոլկորտից անի»: 2015 թվականին ՀԴՄ կտրոններ չտրամադրող ավելի շատ ըներություններ են տուգանվել: Եթե 2014-ին տուգանքներից գոյացել է 30 միլիոն դրամ, 2015 թվականին այդ թիվը եղել է 300 միլիոն դրամ: Սակայն էլ ոչ բավարար ցուցանիշ է: Գագիկ Մակարյանը նշում է. «300 մլն դրամը ընդամենը 600 հազար դոլար է, ի՞նչ է նշանակում՝ 600 հազար դոլարի ՀԴՄ-ի տուգանք են հավաքել, դրանք կոպեկներ են ուղղակի, որոնք այդ ընդհանուր թվերի մեջ պարզապես չեն հնչում»: Կառավարությունը հարկային եկամուտներն ավելացնելու այլ ճանապարհ էլ ունի: Վերացնել ստվերում աշխատող արտոնյալների կարգավիճակը: «Շատ-շատ խանութներ ու սուպերմարկետներ կան, որտեղ տպում են ապրանքների ցուցակը, բայց դա ՀԴՄ կտրոն չէ: Եթե քաղաքացին պահանջում է՝ ՀԴՄ-ն տալիս են, չգիտես ինչու՝ հարկային մարմինները չեն նկատում դա»: Հարկային մարմինները պետք է որոշեն՝ ստվերային հատվածի ընկերությունների հետ ինչ լեզվով խոսել։ «Եթե որսը հաջողությամբ չի ստացվում, ապա դա ոչ թե որսի պրոբլեմն է, այլ որսորդի»: Ի դեպ, 2015-ի արդյունքներով մեր երկրի խոշոր հարկատուների տասնյակում են` «Գազպրոմ-Արմենիա», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ղ-Տելեկոմ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Արմենիա Տելեֆոն Կոմպանի», «Գրանդ Տոբակո», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Ամերիաբանկ» և «Տրանսգազ» ընկերությունները: