«Չի կարելի, որ ընտանիքի անդամը ազգին պատկանող մարդու մասին վճիռ կայացնի» (տեսանյութ)
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ՝ ԱՍԱԼԱ-ի զինվոր Լևոն Էքմեքչյանի աճյունը հունվարի 4-ին Անկարայից տեղափոխվել է Ֆրանսիա: «Որտե՞ղ պետք ամփոփվի նրա աճյունը ՝ Ֆրանսիայում, թե՞ իբրև ազգի հերոս զավակ հայրենի Եռաբլուրում» թեմայով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը, ով քաջածանոթ է եղել նաև Լևոն Էքմեքչյանի ու նրա ընտանիքի հետ, նշեց. «Լևոնի ընտանիքը, որը շատ վաղուց ապրում է Ֆրանսիայում, ցանկանում է նրան թաղել Ֆրանսիայում՝ իրենց ընտանեկան գերեզմանում, որտեղ թաղված է նաև Լևոնի հայրը: Դա նրա մոր իղձն է: Ես ընտանիքի անդամներին բազմաթիվ անգամներ հորդորել եմ, որ նա Թուրքիայում լինելով կախաղանի դատապարտված վերջին հայորդին , պետք է մնացած հայ հերոսների պես ամփոփված լինի իր հայրենիքում, ինչպես օրինակ Զորավար Անդրանիկի աճյունը 2000թ-ին Պեռ Լաշեզից բերեցինք Երևան, նույնն էլ նա՝ նրա տեղը Եռաբլուրն է: Դա միակ արժանի տեղն է, որտեղ պետք է հանգրվանի Լևոնը: Նրա հարգանքի տուրքի միակ տեղը , ես գտնում եմ, որ Հայաստանն է, որպեսզի սերունդներն էլ մեր կարողանան գնան և հարգեն նրա արժանի հիշատակը»: Պարոն Հացպանյանի խոսքերով՝ Լևոնի ընտանիքին համոզելը պարզապես ժամանակի խնդիր է: «Չի կարելի, որ ընտանիքի անդամն ազգին պատկանող մարդու մասին վճիռ կայացնի: Լևոն Էքմեքչյանը հայ ազգին է պատկանում, զուտ միայն այն բանի պատճառով, որ կենսաբանորեն այդ ընտանիքի անդամ է հանդիսանում, պետք չէ նրան թաղել Ֆրանսիայում: Ես չեմ կարծում, որ ընտանիքը դեմ լինի, բայց գուցե ժամանակի խնդիր է , միգուցեև համաձայնեն Լևոնին թաղել այստեղ»,-շեշտեց նա: Սարգիս Հացպանյանը պատմեց նաև 1982թ-ի օգոստոսի 7-ին Անկարայի Էսենբողա օդանավակայանում տեղի ունեցած ռազմական գործողությունների մանրամասները, որոնց մասնակցել է նաև Լևոն Էքմեքչյանը և որից հետո բանտարկվել է թուրքական բերդում: «Այդ ժամանակ նա իր մարտական ընկեր Զոհրաբ Սարգիսեանի հետ պատմական «Կարին» ռազմական գործողությունն իրականացնելիս թուրքական զինուժի հետ բախման ժամանակ ծանր վիրավորվելով արնաքամ վիճակում գերեվարվելուց 6 ամիս անց՝ 1983թ-ի հունվարի 29-ին դատապարտվել է մահապատժի: Ընդամենը մեկ դատավարություն է եղել, որի ժամանակ Լևոնին նույնիսկ փաստաբան չեն տրամադրել: Նրան կախաղան բարձրացնելուց հետո՝ նա ինքն է իր ոտքով աթոռը իր ոտքերի տակից հրել»: