Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը թվել է տարվա նվաճումները

Տնտեսություն
gov2

Կառավարության այսօրվա տարեվերջյան արտահերթ նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ամփոփելով 2015թ.: Նրա խոսքերով՝ 2015թ. հագեցած էր Հայաստանի համար, եղան բազմաթիվ կարևոր իրադարձություններ, ինչպես նաև նվաճումներ: Որպես անցնող տարվա գլխավոր իրադարձություն՝ նա առանձնացրեց տնտեսական աճի ապահովումը, սահմանադրական փոփոխությունները և տնտեսական ինտեգրումը. «Թեև Հայաստանն անմասն չմնաց աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերների բացասական ազդեցությունից, սակայն ռեսուրսների և ջանքերի կենտրոնացմամբ, կառավարության վստահ և ոչ ստանդարտ քայլերի արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ: Հունվար- դեկտեմբեր ամիսներին տնտեսական աճի ակտիվության ցուցանիշը կազմել է 3 տոկոս, այն դեպքում, երբ տարվա սկզբին հեղինակավոր միջազգային կառույցները և փորձագետները ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում բացասական տնտեսական աճի ցուցանիշներ: Աճ կա արդյունաբերությունում` 4.6, գյուղատնտեսությունում` 11.6, ծառայությունների ոլորտում՝ առանց առևտրի 3 տոկոս: Գնաճի ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, կազմել է 1.9 տոկոս, միջին գնաճը՝ 4.1 տոկոս, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձը աճել է 8.5 տոկոսով: Ուզում եմ ընդգծել, որ սա եղել է Ռուսաստանի ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված, տրանսֆերտների` շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարով անկման պարագայում»: Խոսելով սահմանադրական փոփոխություններից` վարչապետը նկատեց, որ համաժողովրդական քվեարկության միջոցով ընդունվեց նոր Սահմանադրություն, որը հիմք է հանդիսանալու կայուն զարգացման համար: Հաջորդ կարևորագույն նվաճումը մեր երկրի խորացող և հավասարակշռված տնտեսական ինտեգրումն է ԵՏՄ կազմում. «Մեր արտահանումն ունի համեմատաբար կայուն դինամիկա, և ավելի լայն աշխարհագրություն: Թեև տասն ամիսների արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ նվազել են շուրջ մեկ քառորդով, ընդհանուր արտահանումը ունի 2 տոկոսանոց անկում, մեր կողմից կատարված վերլուծությունները միանշանակ վկայում են, միանալով ԵՏՄ-ին ՀՀ-ն հնարավորություն ստացավ մեղմել արտահանման նվազումը համեմատ այլ երկրների՝ Մոլդովայի, Վրաստանի: ՀՀ-ն սկսեց լայնածավալ բանակցություններ ԵՄ-ի հետ, որի ժամանակ քննարկվել են ոչ միայն քաղաքական, այլ նաև բազմաթիվ տնտեսական հարցեր: Վստահ եմ, որ մենք արձանագրելու ենք նոր հաջողություններ: Որպես տնտեսության թիվ մեկ պատասխանատու` հայտարարում եմ, որ կառավարությունը գործադրում է իր բոլոր ջանքերը տնտեսական աճի ավելացման, երկրի պաշտպանողունակության մեծացման և ժողովրդի բարեկեցության համար և դա անելու ենք բոլորս միասին` համատեղ ուժերով»: