Քաղաքաշինական նորմերի խախտումով կառուցվող շենքը Հովիկ Աբրահամյանինը չէ. նախարար (տեսանյութ)
Քաղաքաշինության նախարարությունը որևէ լիազորություն չունի քաղաքում օրըստօրե ավելացող ապօրինի շինարարությունները դադարեցնելու կամ վերահսկելու գործառույթում. Ասում է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։ «Ապօրինի շինարարության դաշտում ամբողջ լիազորությունները տրված են համայնքի ղեկավարներին: Մեր նախարարությունն իր տեսչության միջոցով կարող է ազդել այդ պրոցեսների վրա, բայց քաղաքաշինության նախարարության տեսչությունը ընդամենը արձանագրում է դրանք և նորից նամակն ուղարկում է համայնքի ղեկավարին, այսինքն՝ կասեցման, դադարեցման կամ քանդման բոլոր լիազորությունները մեր օրենսդրությամբ տրված են համայնքների ղեկավարներին»,- շեշտում է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի այն հարցին, թե իր ղեկավարած գերատեսչությունը ինչու քայլեր չի ձեռնարկում ապօրինի շինարարությունները դադարեցնելու համար, որոնց վերաբերյալ տարբեր համայնքներ բնակիչների կողմից բազմաթիվ բողոքներ ու ահազանգեր են ստացվում: Այս համատեքստում նախարարը նաև հավելեց. «Եթե դիմում են մեր նախարարություն, ես բազմաթիվ այդպիսի փաստաթղթեր եմ ստորագրում, որտեղ այսինչ կամ այնինչ ապօրինությունն է, բնակիչները դիմում են մեզ, բողոքում են , մերոնք դա ստուգում են և ասում են այո, բայց նորից ուղարկում ենք համայնքի ղեկավարին և ասում ենք միջոցներ ձեռնարկեք այդ խնդիրը լուծելու համար: Այսինքն այդ ամբողջ իրավասությունը համայնքի ղեկավարինն է , ցավոք սրտի»: Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողները նախարարից հետաքրքրվեցին նաև Երևանում Բյուզանդ փողոցում կառուցվող բազմահարկ շենքից , որը չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին, սակայն լիազոր մարմինները դրա վրա աչք են փակում, քանի որ համաձայն շրջանառվող լուրերը այդ շենքը պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին: Այս կապակցությամբ Նարեկ Սարգսյանը նշեց, որ ինքը չի կարող հարցին պատասխանել, քանի որ հարցի հասցեատերը ինքը չէ, սակայն կարող է ասել միայն այն, որ այդ նորակառույցը Հովիկ Աբրահամյանինը չէ: Նախարարը անդրադարձավ նաև այլ հարցերի ու տարվա ընթացքում իրենց կողմից իրականացված տարբեր ծրագրերի՝ մասնավորապես նաև աղետի գոտու բնակիչներին բնակարաններ հատկացնելու վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում