Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի ստորագրությունները Աշոտ Սուքիասյա՞նն է կեղծել (տեսանյութ)
Պարզվում է` օֆշորային սկանդալում հայտնի Աշոտ Սուքիասյանը կեղծել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները. «Այդ մարդկանց անունը նշել է այն պատճառով, որպեսզի տանիք իր համար ստեղծեր, իր բիզնեսն անձեռնմխելի թողնելու համար: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ատենապետ է հանդիսացել Հայ առաքելական եկեղեցու, իսկ Աշոտ Սուքիասյանը խաչքավոր է եղել»,- «Ա1+»-ին ասաց Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը: Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց օֆշորի գործով դատական նիստը: Չէր ներկայացել գործով տուժող Փայլակ Հայրապետյանը եւ նրա ներկայացուցիչ Ինգա Ավագյանը: Տուժողը վատառողջ էր, նրա ներկայացուցիչը դատարանին պատշաճ ծանուցում չէր ուղարկել, թե ինչո՞ւ է բացակայում նիստերից: Դատավոր Վարդան Գրիգորյանը տեղեկացրեց, որ հաջորդ անհարգելի բացակայության դեպքում կքննարկեն նրան գործից հեռացնելու հարցը՝ դատարանի նկատմամբ անհարգալի վերաբերմունք դրսեւորելու համար: Կողմերը նշեցին, որ առանց Փայլակ Հայրապետյանի հնարավոր չէ շարունակել նիստը: «Նկատի ունենալով տուժողի բարդ բնավորությունը, մեղադրողի հետ համաձայն եմ, հետագայում այլ հարցադրումներից, բողոքներից խուսափելու նպատակով»,- նշեց Յուրիկ Խաչատրյանը: Դատավորը հետաձգեց դատական նիստը մինչեւ հունվարի 14-ը: Մինչ հեռանալն էլ շնորհավորեց բոլորի գալիք Ամանորը: Իսկ Աշոտ Սուքիասյանի պաշտպանը եւս մեկ անգամ պնդում է՝ սա քաղաքացիաիրավական գործարք է եղել, որը պարզապես ձախողվել է եւ քրեական տարրեր այս գործը չի պարունակում: Թեեւ Փայլակ Հայրապետյանը պնդում էր, որ պարտադիր դատարան պետք է գան եւ ցուցմունք տան նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, սակայն նրա ներկայացուցիչը այլ կարծիքի է: Պետք է սպասել գործով ամբաստանյալի ցուցմունքին: «Ամբաստանյալի ցուցմունքից հետո ամեն ինչ պարզ կդառնա՝ որեւիցե մեկին հրավիրել եւ որպես լրացուցիչ վկա հարցաքննե՞լ, թե՞ ոչ, շատ հարցերի պատասխաններ կան, որ դատարանը դեռ չի իմացել: Նախկին վարչապետը մեղք ունի, մեղք չունի՝ ես չեմ կարող ասել, դա նախաքննական մարմինը պետք է գնահատական տար»,- նշում է նա: Հաջորդ դատական նիստում կուսումնասիրվեն 32 հատորից բաղկացած գործի ապացույցները: