Վլադիմիր Հակոբյանը երկու անընդմեջ հաղթանակ տարավ
Հայաստանի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը հաջող է հանդես գալիս Քաթարում անցկացվող դասական շախմատի հեղինակավոր մրցաշարում: Առաջին տուրում ոչ-ոքի խաղալուց հետո մեր գրոսմայստերը մեկը մյուս ետեւից հաղթեց շվեդ Պոնտուս Կառլսոնին եւ հնդիկ Կիտամբի Սանդարարաջային: Նա վաստակել է 2,5 միավոր եւ ընդհուպ մոտեցել երկու առաջատարներին՝ հոլանդացի Անիշ Գիրիին եւ չինացի Լի Չաոն, որոնք երեք տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք են ցույց տվել: Այսօր նախատեսված 4-րդ մրցափուլում Վլադիմիր Հակոբյանը սեւերով կհանդիպի աշխարհի հեռանակարային շախմատիստներից մեկի՝ Վեսլի Սոյի հետ: Մրցաշարին մասնակցող աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը նույնպես վաստակել է 2,5 միավոր եւ գտնվում է առաջատարներին հետապնդողների խմբում: Նա առաջին տուրում ջենթլմենաբար ոչ-ոքի է խաղացել վրացի շախմատիստուհի Նինո Բաթիաշվիլու հետ, իսկ հետո հաղթել է տղամարդ մրցակիցներին: