Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր բանակը կարողացել է ամբողջ տարի դաստիարակչական աշխատանքներ տանել»   (տեսանյութ)

Քաղաքականություն
tevan

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունն ու հակառակորդի դիվերսիոն գործողությունները ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը բնութագրում է որպես թնջուկ, որը սկսվել է 2015թ. տարեսկզբի լարվածությամբ: «Ա1+»-ի հետ զրույցում նա նաեւ նշեց՝ Ադրբեջանի համար ցանկացած հարցի լուծում առաջնագծում իրավիճակը լարված պահելն է. «Նրա համար սահմանային գծում լարվածության պահպանման համար առիթ էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, տարածաշրջանում այժմ առկա լարված իրավիճակը, Ադրբեջանի տնտեսական վիճակի կտրուկ վատթարացումը, առաջին գծում իրար հաջորդող անհաջողությունները»: Պարոն Պողոսյանի խոսքերով՝ մեր բանակը կարողացել է ամբողջ տարվա ընթացքում դաստիարակչական աշխատանքներ տանել. «Մեր բանակն իր առջեւ դրված խնդիրն այնպես լուծեց, որ ոչ Ալիեւը, ոչ իրենց ՊՆ-ն ոչ մի այլ տեղում չեն կարողանում գլուխ գովալ, որ 5 մլրդ դոլարի զենք առնելով, այսքան բյուջե ունենալով՝ կարողանում են հարց լուծել»: Թեւան Պողոսյանը չի զարմանում, որ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից առաջ իրավիճակը շփման գծում կրկին լարվել էր: Ըստ նրա՝ ամեն հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը նույն ձեռագիրն ունի. «Ալիեւը պետք է մտնի սենյակ եւ ասի՝ այն բոլոր խոստումները, նախազգուշացումները, որոնք ես արեցի միջազգային հարթակներում ու ներքին ելույթներում՝ եթե ՀՀ-ն չգնա զիջումների, մենք նույնիսկ ռազմական միջոցով կկարողանանք մեր հարցերը լուծել եւ այլն...Սա ապացուցում է, որ ուղղակի փուչիկ է: Ամբողջ տարվա ընթացքում Ալիեւը հաջողություն չունեցավ: Մամուլի եւ դիվանագիտության համար ասված տեքստերը մի բան են, իրականությունը՝ այլ: Ես պատկերացնում եմ՝ եթե Ալիեւը փորձի այդ սենյակում նման մի միտք արտահայտել, բոլորն ասելու են՝ երիտասարդ ջան, տեսնում ենք, որ չես կարողանում ու չես անելու: Դրա համար երբ հայկական կողմն ասում է՝ պետք է հետ կանգնել ագրեսիայից ու հակամարտությունները լուծվելու են խաղաղ ճանապարհով, Ադրբեջանը պետք է ընդունի դա»: