Անգլիայում փնտրում են Ժոզե Մոուրինյոյի «փտած խնձորներին»
Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունը շարունակում է հետաքրքրել անգլիական լրատվամիջոցներին: Պատճառն այն է, որ պորտուգալացի մասնագետը ակումբին հրաժեշտ տալիս նշել էր, որ իր թիմում եղել են «փտած խնձորներ»: Դա նշանակում է, որ «Չելսիի» մի քանի ֆուտբոլիստներ ակումբի սեփականատիրոջը դժգոհել են մարզչից, որն էլ պաշտոնանկ է արել նրան: Անգլիական ԶԼՄ-ներն այժմ ցանկանում են հայտնաբերել լոնդոնյան թիմի «փտած խնձորներին»: Ժոզե Մոուրինյոն առայժմ անուններ չի տվել, բայց ահա «Չելսիի» երկրպագուներն արդեն կողմնորոշվել են այդ հարցում: Բանն այն է, որ թիմի վերջին հանդիպման ժամանակ նրանք սուլոցներով են դիմավորել եւ ճանապարհել իսպանացի լեգեոնականներ Սեսկ Ֆաբրեգասին ու Դիեգո Կոստային, բացի այդ հատուկ պաստառով նրանց եւ բելգիացի Էդեն Ազարին համեմատել են «առնետների» հետ: Ի դեպ, Ժոզե Մոուրինյոն իր թվիթերում նշել է, որ Սեսկ Ֆաբրեգասը իր դեմ ելած ֆուտբոլիստների թվին չի պատկանում: Վերջինս պորտուգալացի մասնագետի պարտադրանքով «Չելսի» է տեղափոխվել 2014 թվականին, թիմի ամենաոխերիմ մրցակից Լոնդոնի «Արսենալից»: