«Դու զանգի, քո տղուն խնդրի, թող հացադուլից դուրս գա». Նահապետ Գեւորգյան (տեսանյութ)
Ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատներին ԱԺ-ի դիմաց ոչ ոք չմոտեցավ: Նրանք փորձեցին փակել Բաղրամյան պողոտան: Ծնողներն ահազանգում են՝ արդեն 8 օր է՝ 36 ցմահ դատապարտյալներ հացադուլ են սկսել: Նրանք 30 րոպե սպասեցին ԱԺ պատգամավորներին, այնուհետեւ փորձեցին փակել Բաղրամյան պողոտան: Ոստիկանների հետ հրմշտոցից հետո վատացավ ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի տատիկի ինքնազգացողությունը: Նրա համար «Շտապ օգնության» խումբ հրավիրվեց ԱԺ: Հարազատները խնդրում են օրենսդիր մարմնի անդամներին գնալ ՔԿՀ եւ հորդորել հացադուլ հայտարարած անձանց դադարեցնել այն: Նրանք մտավախություն ունեն, որ մի օր էլ իրենց որդիները կընկնեն Սողոմոն Քոչարյանի օրը: Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը պատժի հետագա կրումից ազատ արձակվեց, այնուհետեւ օրեր անց մահացավ հիվանդանոցում: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հեռախոսազրույցում խոստացավ վաղը, ժամը 14:00-ին, ընդունել ծնողներից մի քանիսին: Ի դեպ, այսօր հարազատները նաեւ մոտեցան ԱԺ հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանին: Նա ասաց, որ անզոր է եւ ոչնչով չի կարող օգտակար լինել. «Դու զանգի, քո տղուն խնդրի, թող հացադուլից դուրս գա, ես ինչ կարող եմ անել»,- ասաց նա: