Ինչ արտոնություններից են օգտվում գրողները (տեսանյութ)
«Տարին սեւեռված էր Հայոց Ցեղասպանության տարելիցի վրա, եւ այս տարի 130-ի չափ, հանդիպումներ, շնորհանդեսներ, քննարկումներ եղան այդ թեմայով եւ ոչ միայն». այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տարին, ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա նշեց, որ տարվա ընթացքում բազմաթիվ հայ հեղինակներ են թարգմանվել, ինչը մեծ ձեռքբերում է. «Այս տարի Իրանը հայ հեղինակների քսան գիրք է հրատարակել: Դա ֆանտաստիկ բան է, որ նրանք անում են»: Միլիտոնյանը նշեց նաեւ, որ Գրողների միությունն ամեն կերպ աջակցում է գրողներին՝ օգտագործելով բացառապես սեփական միջոցները: «Քառասունվեց գրողի առողջապահական հարցով օգնել ենք, իսկ Ծաղկաձորի եւ Սեւանի հանգստյան տները անվճար տրամադրում ենք գրողներին, որպեսզի նրանք ստեղծագործեն»,-ասաց նա: Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էլ ներկայացրեց «Գրական թերթի» անցած ուղին: Նա նշեց, որ 1932 թվականից հրատարակվող թերթի էջերը պակասել են: Այժմ դրանք ութն են: «Ութ էջից ավել տպելու հնարավորություն չունենք, բայց փորձում ենք այդ ութ էջում հնարավորինս բազմակողմանի ներկայացնել գրողներին ու գրականությունը»,-եզրափակեց նա: