Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երաժշտական մշակույթի մեջ ներմուծվում են օտար տարրեր. հայերեն, բայց ոչ՝ հայկական (տեսանյութ)

Հասարակություն
satyan-axamyan

«Տարին լի էր հետաքրքիր եւ կարեւոր ցուցահանդեսներով, որոնցից պետք է առանձնացնել Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով 2015 թվականը, հայտարարեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նա նշեց, որ Հայաստանում հետաքրքրություն կա արվեստի նկատմամբ: «Հայ մարդու մեջ կա ստեղծագործելու ցանկություն եւ ունակություն, ինչը գոհացնում է ինձ» ,-ասաց Աղամյանը՝ հավելելով, սակայն, որ նկարիչների կեցության հարցը մնում է բարդ, եւ միությունը չի կարող օգնել նրանց այդ հարցում: Կարեն Աղամյանը, որպես խնդիր, առանձնացրեց նաեւ այն, որ հայ նկարիչները չեն կարողանում իրենց աշխատանքները ցուցադրել արտասահմանում, քանի որ դա թանկ հաճույք է: Կոմպոզիտորների միության համար տարին նույնպես հագեցած է եղել: Միության նախագահ Արամ Սաթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ բազմաթիվ համերգներ են ունեցել: Միակ խնդիրն այն է եղել, որ պետության կողմից շատ քիչ ֆինանսավորում է եղել. «Ֆրանսիայում չորս համերգ արեցինք՝ նվիրված Ցեղասպանության 100–րդ տարելիցին, դրանցից միայն երկուսը ֆինանսավորվեց, մնացածը մեր ուժերով կազմակերպեցինք»,-ասաց նա: Խոսելով ոլորտի խնդիրների մասին՝ Արամ Սաթյանը նշեց, որ հայկական երաժշտության մեջ օտար տարրեր են մտել. «Մենք ավելի շատ օտարամոլ երգեր ենք օգտագործում, որոնք ներմուծվում են: Դեսպանատները անվճար սկավառակներ են տալիս, եւ կամաց-կամաց երաժշտական մշակույթի մեջ ներմուծվում են օտար տարրեր: Սա վերաբերում է թե' էստրադային, թե' դասական երաժշտությանը:  Մտածողությունը օտար է, հայերեն երգ է, բայց հայկական չէ»,-եզրափակեց նա: