Հրանտ Մելքումյանը՝ Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն
Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը մրցանակային 2-րդ տեղը գրավեց արագ շախմատի Եվրոպայի 2015 թվականի առաջնությունում: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած մրցաշարում այսօր տեղի ունեցան 8-11-րդ տուրերը: Ինչպես արդեն նշել էինք, առաջին յոթ մրցափուլից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում էին Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Բաադուր Ջոբավան, որոնք վաստակել էին 7-ական միավոր: Ավաղ, մեր շախմատիստը չկարողացավ պահպանել չեմպիոնական տեմպը, միավորներ կորցրեց եւ զիջեց դիրքերը: Իսկ ահա գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը գերազանց հանդես եկավ առաջնության վերջնամասում, տարավ 3 հաղթանակ, ոչ-ոքի խաղաց Տիգրան Լ. Պետրոսյանի հետ եւ 9,5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: Առաջնությունում հաղթեց ռուսաստանցի Իվան Պոպովը, որը կես միավոր ավելին վաստակեց: Տիգրան Լ. Պետրոսյանը ի վերջո վաստակեց 9 միավոր եւ բաժանեց 3-6-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով մրցանակային 3-րդ տեղը զիջեց չեխ Դավիդ Նավարային: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ առաջնությունն ավարտեց 7-րդ հորիզոնականում: Արագ շախմատի Եվրոպայի 2015 թվականի առաջնությանը մասնակցեցին 750 շախմատիստ, այդ թվում գեղեցիկ սեռի 148 ներկայացուցիչ: