«Հասարակությունն այնքան ուժ չունի, որ դե յուրե «ոչ»-ը դարձնի դե ֆակտո «ոչ»
Հայաստանի ներքին քաղաքական դաշտն այս տարի առանձնացավ երկու կարեւոր իրադարձությամբ՝ սահմանադրական հանրաքվեով և ԲՀԿ- հետ կապված փետրվարյան զարգացումներով. այսօր ամփոփելով քաղաքական տարին հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը՝ նա կարեւորեց Ցեղասպանության 100 –ամյակը. «Հայոց ցեղասպանության հարցը միշտ օրակարգում է լինելու, քանի որ այն նաև, անկախ մեր ցանկությունից, որոշ պետությունների համար զսպման լծակ է Թուրքիայի դեմ: Այս տարի նաև Ադրբեջանի կողմից եղավ որակական էսկալացիա, քանի որ 1994 թվականից այս կողմ առաջին անգամ օգտագործվեցին հրետանի, տանկեր, հրթիռային կայաններ»: Նա առանձնացրեց նաեւ ԵՏՄ անդամակցությունը և այս տարվա դեկտեմբերի 7-ին մեկնարկած ՀՀ-ԵՄ նոր բանակցությունները: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը համաձայնեց առանձնացված կետերի հետ ու հավելեց. «Ներքին քաղաքականության մեջ ԲՀԿ-ն ոչ միայն դուրս մղվեց, այլ նաեւ անցավ ՀՀԿ-ի վերահսկողության տակ և դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ ՀՀԿ-ից տարբերվեց միայն վկայականներով: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ նույն վիճակում էր նաեւ ՀՅԴ-ն։ Արմեն Բադալյանի գնահատմամբ` սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ հասարակությունն այնքան ուժեղ է, որ կարող է իշխանություններին ասել «ոչ», սակայն այնքան ուժ չունի, որ դե յուրե «ոչ»-ը դարձնի դե ֆակոտ «ոչ»: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ նա նշեց. «Հայաստանն այս ոլորտում հստակ ռազմավարություն չունի և այդ պատճառով ապրում է օրվա «կուրսով»»: Քաղտեխնոլոգը, խոսելով իշխանության տապալված քայլերի մասին, նշեց. «Տնտեսական քաղաքականությունը տապալվեց, քանի որ մենաշնորհները նույն կերպ մնում են, դատաիրավական համակարգն ավելի գահավիժեց, ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ում ընտրական ինստիտուտ գոյություն չունի, մի խոսքով՝ իշխանությունը բոլոր բնագավառներում տապալվեց»: