Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՞րն է երաշխիքը, որ դեղ ներկրող խուլիգանների, հանցագործների ձեռքը կբռնեք»

Քաղաքականություն
52aba81ce588ea118ca14d65b50c47d4

ԱԺ արտահերթ նիստում այսօր «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում էր՝ ի՞նչն էր խանգարում արդեն գործող օրենքով կարգավորել այս ոլորտում առկա խայտառակ բեսպրեդելը. «Մեզ մոտ արատավոր պրակտիկա է ձեւավորվում՝ ինչը սկսում ենք բարելավել, այն սկսում է ավելի վատը լինել: Արդյո՞ք այս օրենքով դեղերի ոլորտում առկա մաֆիոզիական բեսպրեդելը, դեղերի ներկրման մագնատները, որոնք թունավորում են մեզ, մանկական կեղծ դեղեր են վաճառում, կպատժվեն: Ո՞րն է երաշխիքը, որ դեղ ներկրող խուլիգանների, հանցագործների ձեռքը կբռնեք, ինչո՞վ է այս օրենքը նպաստելու դրան եւ ինչո՞վ գործող օրենքը չէր օգնում»: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ գործող օրենքով բաց է թողնվում ոլորտի մի շարք կարգավորումներ՝ արտադրությունից սկսած մինչեւ ներմուծում, հետգրանցումային դիտարկումները. «Գործող օրենքը դեղերի շրջանառության ամբողջ դաշտը չէր փակում՝ մոլեկուլի ստեղծումից ընդհուպ մինչեւ դրա ոչնչացումը, եթե դրա կարիքը կա, հսկել: Օրենքը միտված է մի նպատակի՝ որակյալ արդյունավետ դեղ ապահովել»: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ առաջարկ ունի. «Եկեք վերցնենք Եվրոպայից ինձ հետ բերած հասարակ մի Նուրոֆենն ու մաֆիոզներին պատկանող դեղատներում առկա Նուրոֆենը ու լաբորատոր փորձաքննության ենթարկենք: Եթե պարզվի, որ դրանք բացարձակապես տարբեր են, ի՞նչ է անելու Առողջապահության նախարարությունը ու ինչո՞վ է օգնելու այս օրենքը, որն, իհարկե, կընդունենք»: Պարոն Խաչատրյանի պատասխանն անսպասելի էր. «Եվրոպայից ձեր բերած Նուրոֆենը  իհարկե կտարբերվի այստեղի դեղատներում վաճառվողից, քանի որ ՀՀ-ում խստագույնս չեն կարգավորվում դեղի պահպանման եւ այլ կանոնակարգերը, ցավոք: Իսկ մենք գիտենք, որ չպահպանելու դեպքում դեղը կարող է կորցնել իր հատկություններն ու նույնիսկ վնասներ հասցնել: Մինչդեռ օրենքի այս փոփոխությունը կարող է լինել այն երաշխիքը, որ կկանոնակարգ այդ ոլորտը»: