Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չինաստանի օրինակով գնդակահարելո՞ւ ենք Առողջապահության նախարարին»

Քաղաքականություն
urikhabyan

ԱԺ արտահերթ նիստում այսօր «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիմնականում անդրադարձավ բժիշկների ցածր աշխատավարձերին: Ըստ նրա, երբ բժիշկը չունի համապատասխան աշխատավարձ ու նրա միակ խնդիրն է՝ ամեն ինչ անել՝ ապահովելու ընտանիքի հոգսերը, ապա այդ դեպքում դեղերի դուրսգրումն ու նշանակումը պատշաճ ընթացակարգով չի լինում. «Ու սկսվում են  նորից կոնյակ-բամբաներկեքով այցելությունները: Համաձայն եմ, որ պետք է լինի շատ ավելի խիստ վերահսկողություն՝ դեղատոմսերի դուրսգրման իմաստով, լինեն կանոնակարգված հարաբերութուններ, սակայն այսօրվա համակարգը չի բավարարում մարդկանց պահանջները: Հիմա ինչ, Չինաստանի օրինակով գնդակահարելո՞ւ ենք Առողջապահության նախարարին, եթե նա չկանոնակարգի ներմուծված եւ գրանցված դեղերի ոլորտը»: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը վստահեցրեց, որ իրենք օրենսդրորեն փորձում են ամեն ինչ կանոնակարգել. «Ամենախիստ վերաբերմունքն է լինելու գրանցված ու ներմուծված դեղերի պարագայում: Մնացած կնճռոտ հարցերը վերանալու են»: ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանին մտահոգում էր  դեղատներում վաճառվող դեղերի իսկությունը. «Մենք պետք է վստահ լինենք, որ դեղատնից, երբ դեղ ենք առնում, դա իսկականն է, ռիսկը փոքր լինի: Դեղերի ներկրման շահութաբերությունը, գիտենք, ֆանտաստիկ է, պետք է լուծվի հակամրցակցային պայմանները, քանի որ դա խփում է դեղերի գների վրա»: