Քաղաքագետը չի բացառում, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը չկայանա (տեսանյութ)
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի բացառում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ դեկտեմբերի 19-ին նախատեսված Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը չկայանա: «Ես տեսնում եմ, որ Ալիևի վերջին երկու տարվա բոլոր գործողությունները տանում են բանակցային գործընթացը տապալելուն: Հետևաբար, չեմ բացառում, որ վերջին պահին գուցեև նա պարզապես չգա: Մենք տեսանք նաև, որ այս տարվա ընթացքում առնվազն երկու անգամ հետաձգվեց այդ հանդիպումը: ԵԱՀԿ համանախագահները ստիպում են Ալիևին վերադառնալ բանակցային սեղան, սակայն նրանք փորձում են այլ ճանապարհով գնալ ՝ իրավիճակ են սրում սահմանին»,-շեշտում է քաղաքագետը: Քաղաքագետն այս համատեքստում նաև նկատում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում սահմանին տիրող լարված իրավիճակը Ադրբեջանի կողմից հենց այս նպատակն է հետապնդում: «Եթե նրանք տրամադրված են ընդհանրապես խուսափել այդ բանակցային գործընթացից,ապա քանի դեռ Ալիևը չի եկել և չի հանդիպել Հայաստանի նախագահին,ապա մշտապես կարելի է կասկածի տակ դնել այդ հնարավորությունը: Ալիևի վարչախումբը միշտ ցույց է տալիս, որ իրենց երկիրը պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի, իսկ իրավիճակի ապակայունացումը դրա ատրիբուտներից է: Հստակ երևում է, որ չկա բանակցելու ցանկություն»,-ասաց նա: Այնուամենայնիվ, եթե այս հանդիպումը կայանա, դա լինելու է հերթական հանդիպում՝ զինադադարի պահպանման հարցերը քննարկելո՞ւ համար, թե՞ կարելի է այս անգամ նաև այլ ակնկալիքներ ունենալ. «Ա1+»-ի հարցին ի պատասխան քաղաքագետը նշեց. «Ես ավելի ենթադրում եմ, որ կլինի այդ հանդիպումը, քան չի լինի: Ուղղակի չեմ բացառում այդ չլինելու հնարավորությունը:Սակայն ինչ վերաբերում է արդյունքներին, ապա, ցավոք սրտի, մեծ սպասելիքներ չպետք է ունենալ, քանի որ բոլոր դեպքերում մեկ տարուց ավել հակամարտության կարգավորման գործընթացը փակուղու մեջ է եղել: Փոխվել է զենքերի տրամաչափը, սահմանին իրավիճակ է փոխվել, այսինքն՝ հարցը հետընթաց է արձանագրել: Հիմա սպասել, որ մեկ հանդիպումով ամեն ինչ կչեզոքացվի և նախկին շրջանի մեջ կվերադարձվի, իհարկե, տեղին չէ նման սպասելիքներ ունենալ»: Ըստ նրա՝ այս հանդիպումը կարող է նոր ստարտ դառնալ, սակայն առավելագույնը, որ պետք է ակնկալել՝ սահմանին իրավիճակը վերահսկելի դարձնելն է: