Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորը մերժեց Ավետիսյանների շահերի ներկայացուցիչներին. դատը հետաձգվեց 1 ամսով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
dat

14.33 Դատավոր Հարություն Մովսեսյանը որոշեց հետաձգել դատական նիստը, քանի որ Վալերի Պերմյակովի շահերը պաշտպանելու համար նոր հանրային պաշտպան է ներգրավվել՝ Էդուարդ Աղաջանյան, ով գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ խնդրեց: Նիստը հետաձգվեց մինչև հունվարի 18-ը: 14. 17  Դատավոր Հարություն Մովսեսյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո Արթուր Սաքունցին խնդրեց կրկնել միջնորդությունը, որից հետո դրան միացան տուժողների շահերի մյուս ներկայացուցիչները: Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց. «Եթե դատարանում գտնվում են կարգադրիչներ, ռուս զինծառայողների՝ նիստին գտնվելու անհրաժեշտություն չկա»: Մյուս պաշտպանները ևս միացան գործընկերների այս միջնորդությանը: Դատարանի հարցմանն ի պատասխան դատախազության ներկայացուցիչը առարկեց այս միջնորդությունը, ինչն Արթուր Սաքունցին զարմացրեց. «Եթե Դատախազության ներկայացուցիչը չի պահպանում ՀՀ օրենսդրությունը, ինչպե՞ս նա կարող է գործի արդար քննությունն ապահովել»: Դատավոր Հարություն Մովսեսյանը մերժեց Ավետիսյանների շահերի ներկայացուցիչների միջնորդությունը՝ պնդելով, որ ռուս զինծառայողների՝ դատարանում գտնվելը բխում է Պերմյակովի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից: Սաքունցն ավելացրեց, որ դատարանը սխալ թույլ տվեց և դատական նիստերին իրենց հետագա մասնակցությունը խնդրահարույց է: 13.45  Դատական նիստի մասնակից, տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դատարանին հարց ուղղեց՝ ի՞նչ վտանգ է սպառնում Վալերի Պերմյակովին դատական դահլիճում, որ նիստին մասնակցում են նաև ռուս զինծառայողներ: «Դուք պարտավոր եք ներկայացնել իրականությունը»: Դատավոր Հարություն Մովսեսյանը պատասխանեց, թե նա դատավարության մասնակից չէ, ինչին ի պատասխան Արթուր Սաքուցը միջնորդեց համաձայն ՀՀ Քրեական դատավարության համապատասխան հոդվածի՝ դահլիճից հեռացնել զինվորական համազգեստով անձանց: Նա իր այս պահանջը հետևյալ կերպ մեկնաբանեց. «Չի ներկայացվում որևէ հիմնավորում նրանց՝ այստեղ գտնվելու անհրաժեշտությունը»: Դատարանը հայտարարեց ընդմիջում 15 րոպեով: 13.25 Ավետիսյան ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը շարունակվում է։ Ավետիսյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց՝ իրենք չեն առարկում, որ Վալերի Պերմյակովի ՝ Ավետիսյանների բնակարան թափանցելն ունեցել է ավազակային հարձակում կատարելու միտում, սակայն դա հիմք չէ պնդելու, որ հանցագործությունը կատարելիս նա չի գիտակցել իր արարքի հետևանքները: Փաստաբանը դատարանին խնդրեց ստեղծել հնարավորություն՝ քննության ժամանակ ստանալ այս և այլ հետաքրքրող հարցերի պատասխաններ: Ավետիսյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ իրենք ընդունում են այն, որ Վալերի Պերմյակովը հնարավոր է, ունեցել է առողջական խնդիրներ, բայց ըստ նրա, այստեղ կա մեկ այլ հանգամանք՝ Պերմյակովի՝ սատանիստ լինելը: «Գործում կան ապացույցներ, որ ձևավորված է եղել սատանիստների խումբ, որի անդամ եղել է նաև Վալերի Պերմյակովը: Որպեսզի կատարվի բազմակողմանի քննություն, այդ անձինք պետք է հարցաքննվեն: Ուստի հարցերի պատասխաններ ստանալու համար ես կակնկալեի, որ մեղադրողը հայտարարությամբ հանդես գա այս հարցի մասին, որպեսզի մեզ համար հասկանալի լինի՝ բացարկի միջնորդություն պե՞տք է ներկայացնել, թե ոչ»: 12.20 Գյումրեցի Ավետիսյան ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունից առաջ ռազմաբազայի զինծառայողները թույլ չէին տալիս տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներին ավտոմեքենայով մոտենալ շենքին, որտեղ պետք է դատավարությունն իրականացվեր: «Ինչո՞ւ պետք է փաստաբանների մեքենան չթողնեն առաջ գա, ինչո՞ւ պետք է փաստաբանները մինչև այստեղ ոտքով գան: Իբր շատ օրենքից իրենք հասկացող են, օրենք պաշտպանող ժողովուրդ են: Փաստաբանները եթե չմասնակցեցին, մենք էլ չենք մասնակցելու, էս դատը չի կայանա: Ինչի՞ համար չեն թողնում, որտե՞ղ է ձեր վարչության պետը»,- դատարանի դիմաց իր բողոքն արտահայտելուց հետո պատասխան ստանալու համար ներս գնաց Ավետիսյանների իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանը: Այստեղ նա փորձեց պատասխան ստանալ դատարանից, իսկ հետո զբաղեցրեց իր տեղը դահլիճում: Քիչ անց այստեղ ժամանեցին նաև Ավետիսյանների փաստաբանները, սակայն փաստացի նրանք տեղ չունեին զբաղեցնելու, վերջիններիս միջնորդությամբ դատարանն այս պահին ընդմիջում է հայտարարել: Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը 2015 թվականի հունվարի 12-ին սպանել է գյումրեցի Ավետիսյան ընտանիքի 6 անդամի, փոքրիկ Սերյոժան էլ հիվանդանոցում մահացել էր դեպքից 7 օր անց: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Պերմյակովի կողմից Ավետիսյանների սպանությունը զուգորդվել է ավազակությամբ, բնակարան ապօրինի մուտք գործելով եւ զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։ Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով եւ 34-329-րդ հոդվածի 1-ին մասով: Վ.Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը։ Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովը Գյումրիի ռուսական ռազմաբազայում տեղակայված Կայազորային զինվորական դատարանի կողմից օգոստոսի 12-ին արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ դասալքության և ապօրինի զենք կրելու համար: Այդ ժամանակ Պերմյակովն ամբողջությամբ ընդունեց իր մեղքը.  բայց հրաժարվեց ցուցմունքներ տալուց։ «Ազատություն» ՌԿ հեռարձակումը՝ ստորև