Քաղաքագետը՝ Անդրեյ Ռուզինսկու Ավետիսյանների սպանդին մասնակցելու մասին. Առավոտ
Այսօր ուկրաինական կայքերը ուշագրավ մի տեղեկություն էին տարածել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի նախկին հրամանատար Անդրեյ Ռուզինսկու մասին առ այն, որ վերջինս անմիջական մասնակցություն ունի Գյումրիում «իր զորամասի զինծառայողի կողմից հայկական ընտանիքի գնդակահարությանը»: Այս տեղեկությունը, ըստ ուկրաինական կայքերի, պարզել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը: Ըստ այդ բացահայտման, Լուգանսկում խոշոր խմբավորումներից մեկի հրամանատարը, որը հանդես է գալիս Նեֆյոդով անունով, Գյումրու 102-րդ ռազմաբազայի նախկին հրամանատար, ՌԴ Զինված ուժերի գնդապետ Անդրեյ Ռուզինսկին է: Aravot.am-ի խնդրանքով, պարզաբանելով Վալերի Պերմյակովի դատավարությունից երկու օր առաջ նման տեղեկության հրապարակումը՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց. «Ուկրաինական news.liga.net կայքն այս տեղեկությունը տպագրում է Վալերի Պերմյակովի դատավարությունից երկու օր առաջ, գիտենք, որ դեկտեմբերի 18-ին սկսվում է դատավարությունը, իսկ սա արդեն իսկ շատ կասկածելի է: Երկրորդ՝ նրանք ընդամենը ֆիքսում են, որ Անդրեյ Ռուզինսկին, որը մինչեւ անցած տարվա հունվար ամիսը եղել է Գյումրու 102-րդ ռազմաբազայի հրամանատարը, կեղծանվամբ մարտնչում է Դոնբասի տարածաշրջանում ուկրաինական զորքերի դեմ: Կոնկրետ որեւէ փաստ, որ Ռուզինսկին ինչ-որ տեղ մասնակցություն է ունեցել Ավետիսյանների ընտանիքի սպանդին, չկա: Ընդամենը ինֆորմացիա է, ընդամենը խայծ են գցել՝ փորձ կատարելով բավական աղմուկ բարձրացնել հայ հուզված հասարակության մեջ, առավել եւս հիմա էլ պարզվեց, որ դատավարությունը կազմակերպվել է 102-րդ ռազմաբազայի տարածքում, որը վիրավորական է հայկական կողմի համար: Այսինքն` ռուսները մինչեւ վերջ չեն վստահում, որ հայկական կողմը կարող է ապահովել ճիվաղ Պերմյակովի անվտանգությունը: Սա է ամենատարօրինակը: Ես այս տեղեկությանը շատ չեմ հավատում, որովհետեւ կայքը, նրա սեփականատերերը սերտ կապեր ունեն Ուկրաինայի ներկայիս գործող քաղաքական վերնախավի հետ, ինքնըստինքյան նրանք պետք է պատվեր կատարեին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով