Չպետք է ունենանք անչափահաս աղջիկներ, որոնք փողոցում շեղվող վարքագիծ են դրսևորում (տեսանյութ)
«Միանշանակ է, որ ՀՀ-ում երեխաների իրավունքները պաշտպանված են: Իհարկե, լինում են առանձին դեպքեր, երբ դրանք ոտնահարվում են, դրանք ամեն տեղ էլ լինում են, սակայն ոստիկանությունն ամեն քայլ ձեռնարկում է, որպեսզի կանխարգելի այդ դեպքերը: Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը տարեցտարի նվազում է»,- նշում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը՝ խոսելով անչափահասների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև նրանց կողմից կատարված հանցագործությունների մասին: «Ոստիկանությունն այսօր ունի լիարժեք, ամբողջական վիճակագրություն այն ամենի մասին, ինչ վերաբերում է երեխաներին՝ սկսած մուրացիկների քանակից, երեխաներ, ովքեր դասերից չարամտորեն խուսափում են, անչափահասներ, ովքեր խմիչք են օգտագործում, ովքեր օրինախախտումներ են թույլ տալիս և այլն: Այս ամբողջ տվյալներին ոստիկանությունը տիրապետում է և կարող է այն ինֆորմացիան, որը նպատակահարմար կգտնի, հարկ եղած դեպքում տեղադրել տեղեկատվական բազայում»,-ընդգծեց տիկին Դուրյանը: Նշենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համատեղ ջանքերով ստեղծվել է նոր մարմին՝ անչափահասների արդարադատության խորհուրդ՝ «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Որքանո՞վ արդյունավետ կգործի տվյալ համակարգող խորհուրդը Հայաստանում, ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այդ ծրագրից: «Ա1+»-ի հարցին ի պատասխան Նելլի Դուրյանը շեշտեց. «Ստեղծվել է մի մարմին, որը քիչ թե շատ օգուտ կտա: Օգուտ կտա ավելի լավ հասկանալու այս դաշտը ՝ ի՞նչ բացեր ու խնդիրներ կան: Ոստիկանությունը ներկայացնում է, որ ունենք աղջիկների քանակ, որ մուրացիկությամբ են զբաղվում, թեկուզ և նման աղջիկների թիվը քիչ է՝ 5-6, բայց Հայաստանի համար դա քիչ չէ: Մենք չպետք է ունենանք աղջիկներ, ովքեր անչափահաս տարիքում փողոցում են հայտնվել և զբաղվում են թափառաշրջիկությամբ, շեղվող վարքագիծ են դրսևորում: Շատ լավ է, որ լինի խորհրդատվական մարմին, որի մեջ ընդգրկված կլինեն փորձագետներ, ովքեր իրենց վերլուծությունները կներկայացնեն և կգան ընդհանուր հայտարարի»: